Սուրբ Վարդանանց զորավարների տոնին կկատարվի քահանայական ձեռնադրություն
Փետրվարի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Վարդանանց զորավարների հիշատակը։
Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կկատարվի նաև քահանայական ձեռնադրություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագներ, ձեռամբ Դամասկոսի (Սիրիա) հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ (Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30)։
Փետրվարի 23-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման արարողությունը և Սուրբ Վարդանանց զորավարների նախատոնակը։