24.11.2024
Վրաստանը փոխում է ՀՀ քաղաքացիների համար մուտքի կանոնները
prev Նախորդ նորություն

ՀՀ օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա. ԱԳՆ

Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:


Հարցին` ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է.


«Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»։


Նա նաև նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա: «Նման հարց օրակարգում չկա», - ասել է նա:


Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, ուկրաինական իրադարձությունների մասին մեկ ժամ տեւած ելույթից հետո, Պուտինը պաշտպանեց Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը և հրամանագրեր ստորագրեց նրանց առաջնորդներ Դենիս Պուշիլինի (ԴԺՀ) և Լեոնիդ Պասեչնիկի (ԼԺՀ) ներկայությամբ: Ստորագրվել են նաև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։