Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել երկրի ներքին գործերի նախարարի հետ
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Վորիդիսի հետ:
Կողմերը քննարկեցին հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հույն պաշտոնյան նշեց, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրեց Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշեց, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունը և փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։
Երկուստեք պատրաստակամություն արտահայտվեց այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։