Ներկայումս Հարավային Կովկասը, ցավոք, շարունակում է մնալ մեծ ռիսկերով պայմանավորված տարածաշրջան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ որպես փորձագետ ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստի շրջանակում կայացած «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով, Հայաստանը պարտավորվել է օգտագործել դիվանագիտական միջոցներ և միջոցներ կիրառել հակամարտությունը լուծելու համար, Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային միակ ձևաչափն է։ «Սա շատ կարևոր է, քանի որ մենք այժմ ականատես ենք մի շատ փխրուն իրականության։ Ներկայիս հետպատերազմյան իրավիճակը հեռու է հետկոնֆլիկտային իրավիճակ լինելուց։ Իսկ հակամարտության կարգավորման դիվանագիտական քայլերին վերադառնալու ճանապարհին Հայաստանը կառուցողական մոտեցում է ցուցաբերում»,- ասաց նա։ Կիրակոսյանը վստահ է, որ այժմ բոլորի համար դիվանագիտական հաղթանակ ապահովելու հնարավորություն կա:
Նա ընդգծել է, որ 2020 թվականին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների լույսի ներքո ձևավորվեցին երկու շատ վտանգավոր նախադեպեր, որոնց միջազգային հանրությունը չարձագանքեց, բայց որոնք կարող էին սպառնալիք դառնալ եվրոպական արժեքների համար։ Նախ, նախադեպ ստեղծվեց ուժային լուծման փորձի համար, որն իր հերթին նմանատիպ տրամադրություններ ձևավորեց այլ երկրներում։
«Բացի այդ, մենք տեսանք, թե ինչպես մեծ ավտորիտար երկրները կարող են հաղթել ժողովրդավարական երկրներին, ինչպիսիք են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, , որոնք ժողովրդավարություններ վերածվելու փուլում են: Դա նաև խարխլում է եվրոպական արժեքները։ Դա նաև կասկածի տակ է դնում դիվանագիտությունն ամեն ինչից վեր դասելու Արևմուտքի հանձնառությունը»,- ընդգծել է նա։
Ինչպես նշեց Կիրակոսյանը, կա երեք հրամայական, երեք կարևոր խնդիր. անհրաժեշտ է ապահովել բոլոր ռազմագերիների վերադարձը հայրենիք, իսկ բռնի տեղահանվածներին՝ իրենց բնակության վայրեր. անհրաժեշտ է ապահովել նաև իրավիճակի դեէսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. դիվանագիտությանն ու բանակցություններին հավատարմությունը պետք է կրկին ընդգծվի։
«Գործընթացը դեռ ավարտված չէ, ստատիկ չէ… Հայաստանը, չնայած ծանր կորուստներին, ցուցաբերել է տոկունություն»,- ընդգծեց նա։ Կիրակոսյանը նշել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է նաև շարունակել ձգտել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, դա կարող է դառնալ այն պայմանը, որը կփոխի խաղի բոլոր կանոնները տարածաշրջանում»,- եզրափակեց Կիրակոսյանը։