25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք, գրանցվել է 19 մահ
prev Նախորդ նորություն

ՀՀ մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր մշակվել են Գերմանիայի փորձագետների աջակցությամբ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։


ՄԻՊ-ից հայտնում են, որ Արման Թաթոյանը կարևորել է այն, որ ՀՀ մի շարք հիմնարար օրենսդրական ակտեր մշակվել կամ ընդունվել են Գերմանիայի փորձագետների աջակցությամբ, օրինակ՝ Քրեական դատավարության, Քրեական, Քրեակատարողական օրենսգրքերը և այլն։


Բացի այդ, շեշտվել է, որ բարձր համագործակցություն է հաստատված եղել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ։


Պաշտպանի հաստատությանը կարևոր աջակցություն է ցուցաբերել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։


Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։


Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:


Պաշտպանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում կազմակերպվել է նաև լրագրողների այց Բեռլին՝ Գերմանիայում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման հարցերին ու օրենսդրությանը ծանոթանալու նպատակով։