Արցախը ողջունում է ՌԴ-ի որոշումը՝ ճանաչելու ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը. Հարությունյան
Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ:
«Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն», - ասված է Արցախի նախագահի հայտարարության մեջ:
VERELQ-ը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) ճանաչելու մասին։ Դոնբասի հանրապետությունների ճանաչման մասին հրամանագրեր են ստորագրվել հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինի (ԴԺՀ) և Լեոնիդ Պասեչնիկի (ԼԺՀ) ներկայությամբ։
Պուտինն ու Պուշիլինը նաև համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին»: Պուտինը նման պայմանագիր է կնքել ԼԺՀ-ի հետ։