Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ապահովել են ավտոշարասյան անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանական երկու ավտոշարասյունների անվտանգ ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռազմավտոմոբիլային ճանապարհային տեսչության զինծառայողները Շուշի-Կարմիր շուկա երթուղով և հակառակ ուղղությամբ ուղեկցել են մոտ 10 մեքենաներից բաղկացած շարասյուն՝ շինանյութով և սննդով։
«Այսօր ռազմաավտոտեսչության ստորաբաժանման ուժերն ապահովել են Շուշա (Շուշի.-Խմբ.)-Կարմիր շուկա երթուղիով անցնող ավտոշարասյան անվտանգությունը։ Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է տրանսպորտային միջոցների վարորդների և ուղեկցող անձնակազմի մեծ ուշադրությունը: Երթուղու երկարությունը 42 կիլոմետր է, երկու ուղղություններով ուղեկցվել է մոտ 10 միավոր տեխնիկա»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Սերգեյ Ռոդիոնովը։
Երթուղին հետևելիս մեքենայի շարասյունը հատել է երեք դիտակետ, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում։
Անցյալ ամիս ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանական մոտ 30 ավտոշարասյունների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և Մատադիս-Գետավան-Վանք երթուղիներով և հակառակ ուղղություններով։
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։