ՀՀ և Արցախի ՄԻ պաշտպանները Ստեփանակերտում այցելել են Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին
Ստեփանակերտում Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին ժամանակավոր կացարան: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
"Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցներ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։
Բոլորն էլ նշել են, որ թե´ Շուշի, թե´ Հադրութ քաղաքներում, հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։
Մարդիկ վկայել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները:
Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։
Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը:
Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ:
Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։
Մարդկանց բարձրացրած անհատական բոլոր խնդիրներն արձանագրվել են ըստ իրավասության ընթացք տալու նպատակով":