Բանակն այսօր ունակ չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը. Քոչարյան
Հայաստանի անվտանգության խնդիրըները շարունակում են մնալ շատ հրատապ և սուր: Այդ մասին փետրվարի 17-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, “Հայաստան” ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա կարծիքով, Հայաստանն անվտանգային սպառնալիքների դիմագրավման երեք բաղադրիչ ունի` բանակ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ և ՀԱՊԿ: Բանակը Քոչարյանի գնահատմամբ այսօր ունակ չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը, քանի որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո գերթե ոչինչ չի արվել այդ կառույցի վերականգնման ուղղությամբ: “Առկա սպառնալիքների պայմաններում ռազմական ծախսերի ծավալը բավարար չեն բանակի վերականգնման համար”, - ասաց նա:
Քոչարյանի խոսքով, ՀԱՊԿ-ի հետ այս պահին Հայաստանը չի կարող անվտանգության առումով հույսեր կապել, քանի որ այդ կառույցի գրեթե բոլոր անդամ պետություններն Ադրբեջանի հետ ունեն ավելի սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ: “Ըստ այդմ, միամտություն կլինի Հայաստանի անվտանգության խնդիրների վերաբերյալ սպասել այդ կառույցի արձագանքը”, - ասաց նա` շտապելով նշել, որ ասվածը չի նշանակում ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտություն:
“ՀԱՊԿ-ում պետք է մնալ, քանի որ այլ կառույց չկա, որի կարող է Հայաստանն անդամակցել, բայց լուրջ արձագանք այս պայմաններում պետք չէ ակնկալել անվտանգության սպառնալիքներին”, - ասաց նա:
Հայաստանի անվտանգության երրորդ բաղադրիչը` հայ-ռուսական հարաբերությունները, նրա խոսքով, միակ առանցքն է, որը զսպում է Հայաստանի շուրջ սպառնալիքները: “Սակայն սահմանափակող գործոններ են Հայաստանի և Ռուսաստանի հետ անմիջական սահմանի բացակայությունը, որը հատկապես իրեն զգացնել տվեց պատերազմի ժամանակ: Որևէ բացատրություն չկա, թե ինչու պատերազմի ժամանակ Վրաստանի օդային տարածքը փակ էր մեզ համար և առնվազն երկու շաբաթ փակ էր իրականական ուղղությունը: Ռուսաստանը նաև միջնորդ պետություն է, որն ինչ որ առումով սահմանափակում է ՌԴ-ի քայլեր ձեռնարկելու ազատությունը”, - ասաց նա: