«Բուխտա Յուգ» բազմապրոֆիլային առևտրի կենտրոնը կխթանի հայկական ապրանքների արտահանումը
Հայկական արտադրատեսակների արտահանումը զարգացնելու նպատակով 2022 թվականի երկրորդ եռամսյակի վերջում Մոսկվայի հարավային գլխավոր մայրուղիների եւ ծայրամասային երկաթգծերի հարեւանությամբ կբացվի «Բուխտա Յուգ» մանրածախ եւ մեծածախ բազմապրոֆիլային առեւտրի կենտրոնը, հայտնում է baanks.am:
Փետրվարի 15-ին Հայ գործարարների ասոցիացիայի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպվել էր առեւտրի կենտրոնի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին հայկական այն ընկերությունները, որոնք ներկայացված են կամ մտադրություն ունեն դուրս գալ ռուսաստանյան շուկա։
Առեւտրի կենտրոնում տեղակայված են լինելու շուրջ 1802 խանութներ եւ տաղավարներ, որտեղ կարող են ներկայացվել անմիջապես մատակարարներից տարատեսակ ապրանքներ՝ սննդամթերք, հագուստ, շինանյութ, գործվածքներ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ողջունել է «Բուխտա Յուգ» առեւտրի կենտրոնի ստեղծումը եւ նշել․ «Առեւտրի կենտրոնում հայկական ապրանքները կարող են առանց ավելորդ քաղաքական ռիսկերի վաճառվել ռուսական շուկայում, մասնավորապես Մոսկվա քաղաքում։ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օժանդակել, որպեսզի այս ենթակառուցվածքը լինի շատ պահանջված ու հաջողված։ Դեռեւս մեկումես տարի առաջ մենք չունեինք նման ենթակառուցվածք, ինչի արդյունքում որոշակի պահի մեր արտադրողները լոգիստիկ խնդիրների առջեւ կանգնեցին․ այժմ ավելի անկաշկանդ, շատ ավելի անկախ կարող ենք աշխատել արտահանման մեր ամենամեծ շուկայում»։
Իր հերթին, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ասել է, որ «2020 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ մենք կանգնեցինք մի փաստի առաջ, երբ հայ արտադրողները սկսեցին խնդիրներ ունենալ իրենց գյուղմթերքն իրացնելու հարցում»։
««Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում ընդունվեց ստեղծել հայկական արտադրողների համար բաց եւ առաջնային իրավունքներով օժտված առեւտրային գոտի, ու այսօր մենք հավաքվել ենք տեսնելու այդ նախագծի իրագործումը»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։