24.11.2024
Խախտվում է դատավորի կրթության իրավունքը. Բախշիյանի փաստաբանը դիմել է ԲԴԽ
prev Նախորդ նորություն

Շուրջ 30 բժիշկ 2021 թվականին մասնակցել է «Բժիշկները Արցախի համար» ծրագրին

2021 թվականին շուրջ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների առաջատար բժիշկները գործուղվել են Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտականպարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի։ Գործուղման ավարտին նրանց փոխարինելէ բժիշկների հերթական խումբը։


«Բժիշկները Արցախի համար» ծրագիրը մեկնարկել է 2021թ․ ապրիլին՝ նպատակ ունենալով լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը, ինչպես նաեւ իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ լսարանային եւ առցանց ձևաչափով, կազմակերպելով վարպետության դասեր տեղի եւ արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։


Ծրագրի մասին պատմող ֆիլմում բժիշկները խոսել են Արցախում իրենց տպավորությունների, աշխատանքային առօրյայի ու կարիքների մասին՝ հատկապես մասնագիտական ռեսուրսների ուղղությամբ։


«Հենց մուտքն Արցախ ինձ համար շատ մեծ ցավ էր, բայց ես հասկացա, որ պետք է լինել ուժեղ։ Ես Արցախում տեսա մարդկանց, ովքեր իսկական հայրենասեր են ու պատրաստ են իրենց հողը պաշտպանել։ Ես նման մարդկանց տեսա, աշխատեցի նրանց հետ, նրանցից վերցրեցի նաեւ օրինակ, թե ինչպես պետք է լինի հայի տեսակը», - նշել է ակնաբույժ Օֆելիա Գինոյանը։


Սրտաբան Անի Ռափյանն էլ շեշտել է ծրագրի կարեւորությունը, որը համակարգում է տվյալ բժշկական հաստատության կարիքն ու բժշկի ցանկությունը։ «Ես, որպես բժիշկ, կարող է շատ մեծ ցանկություն ունենամ գնալու, աշխատելու, բայց շատ կարեւոր է, որ կա ծրագիր, որը համակարգում է քո ցանկությունները, պահանջները, անհրաժեշտությունը, այսինքն՝ երբ դու գնում ես մի տեղ, որտեղ դու պետք ես»։


«Բժիշկները Արցախի համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի հայ բժիշկների միության(AAHPO), Րաֆֆի Հովհաննիսյան ու Նազարյան ընտանիք հիմնադրամների աջակցությամբ, Հայկական բժշկական ֆոնդի, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով: