24.11.2024
Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը հաստատվեց ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կանչվելու է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. Քոչարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպայման կանչվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Այդ մասին այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը:


«Անպայման կանչվելու է, դա նրա ցանկությունն է: Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է կանչվելու: Բա այսպիսի հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց ձեռքից ո՞նց բաց թողեցին, այսպիսի բացառիկ հնարավորություն Տիգրան Աբրահամյանը և մյուս գործընկերներն այլևս չեն ունենա», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:


Նրա պատասխանը դրական էր լրագրողների հարցին առ այն` արդյոք ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որն այժմ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ է` մասնակցելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող աշխատանքներին:


«Հովհաննիսյանը մեծ տեղեկատվության է տիրապետում և շատ պետքական է լինելու հանձնաժողովի աշխատանքների ընթացքում», - ասաց Քոչարյանը:


Նրա խոսքով, քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետերը և զոհվածների հարազատները: «Մասնակցելու են լավագույն փորձագետները` ոչ միայն Զինված ուժերի, որովհետև այս քննիչ հանձնաժողովի աշխատանքին սպասում են զոհվածների հազարավոր հարազատներ: Ասեմ, որ մեր աշխատանքներին պարբերաբար իրենց մասնակցությունը կունենան զոհվածների հարազատները` իրենք կորոշեն, թե կոնկրետ ովքեր», - նկատեց Քոչարյանը:


Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որի աշխատանքներին հրաժարվեցին մասնակցել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:


Այդ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հրավիրել էին ասուլիս` բացատրելու իրենց որոշման պատճառները:


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները, իսկ ընդդիմությունը շահագրգռված չէ։

«Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իշխանությունն է, և եթե նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ հանձնաժողով է ձևավորվել, ինչպե՞ս կարող է օբյեկտիվության մասին խոսք լինել։ Սա ուղղակի բեմադրություն է, որի նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը` նախապես նշանակելով մեղավորների և պատասխանատուների»,-ասաց Աբրահամյանը։