Դատավորը չի կարող օրենքից անկախ լինել. Վլադիմիր Վարդանյան
Փետրվարի 10-ին ԱԺ հերթական նիստերից հետո խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ներկայացնում էին պատգամավորներ Էլինար Տիգրանյանը, Ադրանիկ Քոչարյանը եւ Վլադիմիր Վարդանյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե երբ կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողով, նշեց, որ սպառիչ պատասխանը կտրվի երեկոյան:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հարցին, նշեց, որ յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա ինչպես իր լիազորությունները, այնպես էլ դրանց խախտման պատասխանատվությունը:
"Հայաստանում դատավորները պետք է անկախ լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանություններից, բայց դատավորը չի կարող օրենքից անկախ լինել", - ընդգծեց Վարդանյանը` հավելելով, որ դատական իշխանության գնահատականը ԱԺ պատգամավորների գործառույթներից դուրս է: