Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ճարտար համայնքի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի քննչական կոմիտեն:
«2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար տեղեկություններ էինք տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելու ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու հանցադեպի մասին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: