25.11.2024
Ռուս խաղաղապահները այցելել են Ստեփանակերտի դրամատիկական թատրոն
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարել է ապաշրջափակման գործընթացի առաջին արդյունքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 3-ի նիստին, խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հնարավորության մասին, հայտնել է այդ գործընթացի առաջին արդյունքների մոտալուտ արձանագրման մասին:


Հիշեցնելով, որ նախօրեին աշխատանքյաին այցով Երևան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նաև Ռուսական երկաթուղիներ ընկերության կառավարման խորհրդի նախագահը և հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ Փաշինյանը հայտարարել է. «Պիտի ասեմ, որ շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը, ըստ էության մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»։


Նրա խոսքով, ռուսաստանցի գործընկերների այցը եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։


«Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և այդ պայմանավորվածությունների անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք։ Եվ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։ Եվ երեկվա այցն ըստ էության գործնականացմանն էր ուղղված։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման հարցերը և շինարարության մեկնարկի ու ֆինանսավորման հարցերը», - ասել է նա։


Վարչապետ կոչ է արել իրադարձություններից առաջ չընկնել, սայան նրա կարծիքով, «այս դինամիկայով շարունակելու պարագայում առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է իրատեսական»։ «Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որն արտահայտում ենք, ինքն արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Այնուհետև Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու: «Այսինքն՝ տեղում արդեն նայելու է կոնկրետ տարածքները, շինհրապարակների տեղերն է որոշելու։ Արդեն մասնագետները եղել են Երասխում ու Մեղրիում, գնահատել են իրավիճակը», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ փետրվարի 2-ի հանդիպման արդյունքում արդեն «աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզն ավելի որոշակի է ուրվագծվում»։


Հերկաթուղու վերագործարկման հարցով, ինչպես հավելեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ռուսական կողմի հետ պարբերար ունենալու են երկկողմ շփումներ։ Նրա խոսքով, սա բնական է, քանի որ ենթակառուցվածքի օպերատորը Հարավկովկասյան երկաթուղիներն են։


«Մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում։ Նախագծային փուլից սկսած ճիշտ է, որպեսզի օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ կառուցվի ու դրանից հետո անմիջապես շահագործվի՝ առանց խոչընդոտների», - պարզաբանեց Գրիգորյանը՝ հավելելով, Ռուսական երկաթուղիներ ընկերությունը աշխարհի լրջագույն կառույցներից մեկն է, և այն ներուժը, փորձն ու տեղեկատվությունը, որն իրենք տիրապետում են, շատ կարևոր է այս նախագծի իրականացման ու հետագա շահագործման համար։