Ալիևն ու Էրդողանը Փաշինյանի «խաղաղության դարաշրջանին» հակահայ պատասխան տվեցին. Թևանյան
Ալիևի և Էրդողանի պատասխանը Փաշինյանի «խաղաղության դարաշրջանին». Երևանի ու Անկարայի հայտարարություններն այն մասին, որ հայ–թուրքական ներկա գործընթացն առանց նախապայմանների է, լկտի սուտ է և ծաղր հայ ժողովրդի նկատմամբ։ Դա Էրդողանի ու Փաշինյանի համատեղ ձեռառնոցին է, քանզի թուրքական բոլոր նախապայմանները կա՛մ բավարարված են, կա՛մ բավարարման փուլում են։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
"Մեծ խաբեություն է նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են ստացվում։ Եթե դրական ազդակը Երևան–Ստամբուլ ավիաչվերթն է, ապա դա փափուկ բարձ դնել է, ոչ թե դրական ազդակ։
Իսկական ազդակը, այն էլ՝ բացասական, երեկ եկավ Ադրբեջանի խորհրդարանից։ Վավերացվեց 44–օրյա պատերազմից հետո օկուպացված Շուշիում կնքված թուրք–ադրբեջանական հռչակագիրը։ Փաստաթուղթ, որը ռազմաքաղաքական դաշինք է, և որն ամբողջությամբ հակահայկական է (նաև՝ հակառուսական ու հակաիրանական)։
Այդ տխրահռչակ փաստաթղթի վավերացմանն է պատրաստվում նաև Թուրքիայի խորհրդարանը։ Ահա՛ ձեզ «առանց նախապայմանների» բանակցությունների իրական էությունը",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։