Արցախի անվտանգության համակարգն արմատական վերանայման կարիք ունի. Տիգրան Աբրահամյան
Արցախի անվտանգության համակարգն արմատական վերանայման կարիք ունի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ արդեն երրորդ զորակոչն է, որ Արցախի Պաշտպանության բանակը չի համալրվում հայաստանցի զինծառայողներով։
Նրա խոսքով՝ ներկայումս Արցախի իշխանությունները փորձում են այդ բացը լրացնել պայմանագրային զինծառայողների ներգրավման հաշվին: Աբրահամյանը կասկածում է, որ նման քայլերով կհաջողվի ամբողջությամբ լրացնել առաջացած բացը։ «Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունը, բանակային զորքերն ու զորամասերը անվտանգության համակարգի կարևոր, բայց ոչ միակ բաղադրիչն են։ Եվ ներկայումս անհրաժեշտ է վերանայել անվտանգության համակարգը», - կարծում է պատգամավորը։
Նա ցավով նշել է, որ պաշտոնատար անձինք, ովքեր իրենց կարգավիճակով պետք է զբաղվեն այդ վերանայմամբ կամ ի վիճակի չեն դա անել, կամ անվտանգության խնդրի լուծումը տեսնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարեկամության հաստատման մեջ: