23.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ
prev Նախորդ նորություն

Փաստաբանները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել՝ ի պաշտպանություն դատավոր Բորիս Բախշիյանի

Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի վերականգնման` այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում` ՈՉ ասելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումներին։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը։


«...Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը, մի գնացեք դեպի կործանում տանող ճանապարհով...», - ասված է նրա գրառման մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին:


Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով միջնորդություն էր ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու և նրան կալանավորելու համաձայնություն տալու վերաբերյալ:


Մինչդեռ դատավորների միությունը մտահոգություն է հայտնել դատախազության և ԱԱԾ քննչական վարչության կողմից Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի կապակցությամբ ՝ անձեռնմխելիությունից (ներառյալ անձնական ազատությունը) զրկելու միջոցով, ինչը պայմանավորված է դատավորի գործունեությամբ:


Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:


Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել ազատել հրամանատարին՝ նրա խափանման միջոցը գրավով փոխարինելով։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը: