Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա աննախադեպ ինտերակտիվ ցուցադրություն՝ համեմված նորաձևության էլեմենտներով: Այն անցկացվելու է փետրվարի 13-15-ը մարզահամերգային համալիրում:
Ցուցադրությունն իր մասշտաբայնությամբ ու մատուցման ձևով տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ցուցադրություններից. Kivera Naynomis հանրահայտ բրենդի հեղինակ Արևիկ Սիմոնյանն ասում է՝ ծավալային առումով նման ցուցադրություն առաջին անգամ է լինելու Հայաստանում։
«Ցուցադրությունը կոչվում է H2O-ջուր, քանի որ ջուրը կյանքի խորհրդանիշ է, իսկ մեր կյանքն առանց ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է: Ցուցադրությունը լինելու է ինտերակտիվ, լուսային և ձայնային ձևավորմամբ՝ հագուստի ցուցադրության ձևով»։
Թերևս Արևիկ Սիմոնյանի մինչ այս եղած ցուցադրություններից տարբերվում է նրանով, որ այն լինելու է առանց մոդելների, հագուստները ներկայացվելու են հետաքրքիր տարբերակով, իսկ թե ինչպես՝ դիզայները չի բացում փակագծերը:
«Կարծում եմ՝ առավել հետաքրքիր կլինի, երբ մարդիկ այդ ամենն անձամբ տեսնեն: Միայն մեկ գաղտնիք կբացեմ՝ լինելու է տարբեր խորագրերով 8 սրահ, ու դրանցում ցուցադրված հագուստներն ունենալու են իրենց պատմությունները։ Սրահ մտնելուց այցելուի համար պարզ է լինելու, թե որ սրահում է գտնվում։ Օրինակ, կլինի սրահ, որտեղ ցուցադրված հագուստների վրա կգտնեք մեր եկեղեցիների զարդանախշերից, հատկապես այն եկեղեցիների, որ կորցրել ենք հենց այս պատերազմի ժամանակ… Օրն էլ պատահական ընտրված չէ. Տյառընդառաջն է՝ քրիստոնյա աշխարհի համար շատ կարևոր օր»,-ընդգծեց դիզայները:
Արևիկն ասում է, որ նման ցուցադրության միտքն առաջացել է հետպատերազմյան ժամանակահատվածում: «Մենք կորցրել ենք մեր մշակութային կոթողները, եկեղեցիները, արցախյան եդեմական հողերը: Մտածում էի, ինչպես կարող եմ աշխարհին ցույց տալ մեր բազամադարյա մշակույթը: Գուցե զարմանալի լինի, թե ինչպես կարող ենք նորաձևության միջոցով մեր ձայնը լսելի դարձել: Բայց ես հավատում եմ դրան, որ եթե ամեն մեկս մեր գործով պայքարենք՝ ինչ-որ բան կարող ենք փոխել: Ես կարող էի միայն մշակույթով ու իմ գործով պայքարել»:
Ցուցադրության նախապատրաստական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա օգոստոսին: «Մտքումս միայն մի գաղափար կար՝ աշխարհին պետք է ցույց տալ, որ այդ կոթողները, եկեղեցիները, մշակութային օջախները հայկական են: Եվ համոզված եղեք, որ ցուցահանդեսի ժամանակ շատ բան կտեսնեն այցելուները»:
Դիզայների համար շատ կարևոր մի բան կա, որ հանդիսատեսը ցուցադրությունից դուրս գալիս, ոչ թե միայն ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու գնահատելու մեր ունեցածը։
«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք այդ ներուժը՝ գեղեցիկը տեսնելու ու տարածելու։ Պարզապես այն պետք է ներկայացվի ճիշտ և հասցեական։ Իսկ հատկապես այս վերջին իրադարձություններից հետո, հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ, պահպանելու ու այն կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես չորս տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Բայց՝ ոչ. կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է ու կապ չունի այստեղ, թե քո երեխաները ի՞նչ սեռ են ու ի՞նչ ազգի։ Ու մենք կանք և պետք է մնանք ճիշտ քրիստոնյա»։
Ցուցադրությունը, հիշեցնենք, կանցկացվի փերտրվարի 13-15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: