24.11.2024
Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնաքարն է. Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ.


"Հայոց բանակի հարգարժա´ն գեներալներ, սպաներ, սիրելի զինվորներ


30-ամյա անկախ պետականության կերտմանը զուգահեռ է կազմավորվել Հայոց բանակը, որն իր ձևավորման օրվանից անցել է փառավոր մարտական ուղի՝ թրծված բազում հաղթանակներով և, ցավոք, անդառնալի կորուստներով։


Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և հայկականության պահպանման հիմնաքարն է, մեր լինելիության անվերապահ երաշխավորը։


Ձեր նվիրումն ու անբասիր ծառայությունը մեր խաղաղ առօրյայի հիմքն ու անփոխարինելի բաղադրիչն են: Տասնամյակներով դուք իրականացրել եք կարևորագույն առաքելություն, ինչի շնորհիվ մեր պետականությունը հնարավորություն է ունեցել համակողմանիորեն զարգանալ, գրանցել բազմաթիվ ու բազմապիսի հաջողություններ ու ձեռքբերումներ։


Այսօր էլ, երբ աշխարհը կանգնած է խաղաղությանը սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը պատվով է կատարում իր առաքելությունը։


Վստահ ենք՝ Աստծո կամոք և մեր պատմական երաշխավորված հեռանկարի տեսլականով ներշնչված` դուք ձեր պարտքը միշտ կկատարեք անթերի: Համոզված ենք, որ մեր ապագան լուսավոր է, և ոչ մի մարտահրավեր չի կարող խաթարել մեր անխախտ երթը պատմության քառուղիներով:


Անցած շուրջ երեք տասնամյակում ձեր շատ մարտընկերներ, մեր որդիները, եղբայրները իրենց կյանքը նվիրաբերեցին հենց դրա համար, և ձեր անգնահատելի վաստակը հենց նրանց հիշատակը վառ պահելու ամենաօրինակելի ու ամենավեհ արարքն է, ինչով և դուք իմաստավորում եք նրանց նվիրումը, շարունակում նրանց սուրբ գործը, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն։


Խոնարհվում ենք այն նվիրյալների առջև, ովքեր իրենց կյանքի գնով են վճարել խաղաղության համար, ովքեր այս պահին աչալուրջ կանգնած են սահմանին, և ովքեր կարոտի անսպառ զգացումով սպասում են իրենց որդիների վերադարձին:


Շնորհավո´ր տոնդ, հայրենիքի´ պաշտպան։


Շնորհավո´ր տոնդ, Հայո´ց բանակ":