24.11.2024
ԱԱԾ. «Սասնա ծռեր» զինված խումբը հանձնվել է՝ «ձերբակալվել է 20 ահաբեկիչ»
prev Նախորդ նորություն

Օսկանյան. Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Համախմբում կուսակցության նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Վերջին օրերին մենք ապրում էինք թերևս մեր նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում կանգնած է մեծ փորձության ու նոր իրականության առաջ: Ցավոք, ունեցանք մարդկային կորուստներ: Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Արագ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։

Բոլորիս ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից, և դա առաջին հերթին հասարակության հստակ պահանջի և «Սասնա ծռերի» խոհեմ ու խիզախ որոշման արդյունքն էր: Դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին, բայց երկու բան ակնհայտ է.

1.Այս երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումներն արտացոլումն էին տարիներ շարունակ հայ ժողովրդի մոտ կուտակված հիասթափության, անելանելիության, հուսալքության և դժգոհության, ինչպես նաև խորացող չքավորության։

2.Այսպես այլևս հնարավոր չէ կառավարել մեր երկիրը, ուստի անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։

Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ և գործունակ իշխանություն ձևավորելու նպատակով:

Նոր իշխանության ձևավորումն այլընտրանք չունի. այսօր դա արդեն պարզ է բոլորին, և այդ գործին մասնակից պետք է լինեն իրական փոփոխությունների ձգտող կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները և անհատները: Սա՛ է ժողովրդի պահանջը, և սա՛ է միակ հնարավորությունը` խաղաղ և զարգացող Հայաստան ունենալու:

ՀՀ քաղաքացին ուզում է ապրել անվտանգ, բարեկեցիկ և արդար երկրում: "Համախմբում" կուսակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ է ժողովրդին առաջարկել այդ քաղաքական փոփոխություններին միտված գործընթացի ճանապարհային քարտեզը։

Ես կարևորում եմ նաև Սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան փոփոխություններին: Հայաստանի ժողովուրդը կարիք ունի աջակցության, և մենք այն անպայման կստանանք:

Այս փուլում կարևորում եմ նաև մի քանի հրատապ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է ուղղված լինեն մեր ջանքերը: Մենք պետք է շատ արագ հասնենք վերջին օրերի խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակմանը` Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի և մյուսների:

Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանգամանքները բացահայտելուն։ Մենք պետք է հասնենք նրան, որ պատժվեն լրագրողների նկատմամբ ցուցադրական և քստմնելի հարձակումների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները:

Ես հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ, որ քաղաքական կամքի դրսևորման, նեղ անձնական շահերից վեր կանգնելու և համախմբման միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների»։