24.11.2024
Պայթյուններ և կրակոցներ Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում. ոստիկանությունը լռում է (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Զինված խմբի անդամները վայր են դնում զենքը եւ հանձնվում

Երեւանի Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված ազգայնական «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները հանձնվում են իրավապահներին: Այս մասին հայտնել է զինված խմբի անդամ վարուժան Ավետիսյանը:

«Վերջին օրերին ռեժիմը որդեգրել էր մեր մարտիկներին դիպուկահարներով շարքից հանելու մարտավարություն: Օրական 2-3 հոգի շարքից հանվում էին եւ հիմնականում ոտքին հարավծելու միջոցով: Այսօր մեր հերթական ընկերոջը կրծքավանդակից արդեն վիրավորեցին: Մենք թվով էապես նվազել ենք: 20 հոգի ենք մնացել այստեղ եւ երեկ գիշերը գրոհի փորձեր ձեռնարկեցին: Պատերը զրահատեխնիկայով քնդեցին ու սկսեցին գրոհը: Մենք սկսեցինք երկխոսության մեջ մտնել, սակայն այսօր ինտենսիվ կերպով մոտ 40 դիպուկահարներ գնդակոծում էին ամբողջ տարածքը: Անօդաչու սարքերը ռուբեր էին նետում, կրակում էին զրահատեխնիկայից, սկզբում ձայնային հրթիռներ էին, հետո հասկանալի դարձավ, որ հրազեն էլ են օգտագործում եւ զրահատեխնիկայով սկսեցին ներխուժել տարածք: Առաջացած իրավիճակում մենք ունեին երկու տարբերակ:

Առաջին՝ մարտի բռնվել մեր վրա գրոհող ոստիկանության եւ այլ զինծառայողների հետ, եւ երկուստեք ծանր կորուստներ ունենալ՝ հեղելով հայ մարդկանց, մեր քաղաքացիների արյունը, այն մարդկանց, ովքեր շատ քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ, բայց ծառայության բերումով այդ գործի մեջ են: Մյուս որոշումը՝ չգնալ արյունահեղության եւ շարունակել պայքարը՝ մնալով հաստակամ, շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակով: Այս իրավիճակում քաղբանտարկյալի մասին խոսք չի կարող լինել: Եթե մենք հանձնվենք դառնում ենք ռազմագերի: Շատ ծանր որոշում էր մեզ համար: Մենք որոշեցինք արյուն չհեղել ռազմագերու կարգավիճակով եւ հանձնվել», - ասել է Վարուժան Ավետիսյանը:

Զենքերը հանձնելու գործընթացը կտեւի մոտ երկու ժամ, որին ներկա կլինեն միայն երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Վերջին օրերին ծանր վիրավորումները հասցրել են այն վիճակին, որ «Սասնա ծռեր» խումբը մոտ 30 հոգուց դարձել է 20 հոգի եւ այսօր ոստիկանական եւ հատուկ ստորաբաժանումների ուժերը խուժել են ՊՊԾ գնդի տարածք, իսկ խմբավորման ադնամները երկու ընտրություն են ունեցել՝ կամ մինչեւ վերջ մարտի բռնվել՝ երկուստեք արյուն հեղել կամ հանձնվել եւ շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակում անազատությունից»,- քիչ առաջ հեռախոսազրույցի մանրամասներ ներկայացրեց «Առաջին լրատվական»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց, հարձակման ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկու կողմից կային վիրավորներ: Ավելի ուշ պատանդներն ազատ արձակվեցին, բայց երբ իշխանությունները սկսեցին արգելել սննդի մատակարարումը ՊՊԾ գնդի տարածքի երկայնքով ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտուց ներս, իսկ այնուհետև իրավապահների հետ բախումներում վիրավորվեցին և հիվանդանոց տեղափոխվեցին զինյալ խմբի մի շարք անդամներ՝ զինյալ խումբը պատանդ վերցրեց շտապօգնության բուժաշխատողների:

ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի պահանջների թվում են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ձևավորումը, արտահերթ ընտրությունների անցկացումը:

Անցած օրերի ընթացքում մեծ թվով քաղաքացիներ երթեր և ցույցեր են անցկացնում դեպի ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում՝ պահանջելով արյունահեղություն թույլ չտալ և սնունդ ու բժշկական օգնություն ապահովել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար:

Հուլիսի 20-ին, 21-ին և անցած գիշեր՝ 29-ին, ոստիկանությունը ուժ և հատուկ միջոցներ է գործադրել ցուցարարներին ցրելու համար: Հուլիսի 29-ին ոստիկանական գործողությունների ընթացքում հատուկ թիրախավորվել են լրագրողները: