24.11.2024
ՀՅԴ. Երևանում գործընթացները պետք է տեղափոխվեն օրինականության դաշտ
prev Նախորդ նորություն

Պայթյուններ և կրակոցներ Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում. ոստիկանությունը լռում է (տեսանյութ)

"Սասնա ծռեր" զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ և կրակոցներ են հնչել: Սարի թաղի բնակիչները ժամը 11:00-ից մինչ 12:30-ն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ լսել են նման ձայներ: Հայտնում են ԶԼՄ-ները:

Ավելի վաղ "Սասնա ծռեր" խումբն ազատ է արձակել շտապօգնության վերջին երկու բուժաշխատողներին, որոնք, ըստ պաշտոնական տեղեկատվության, այնտեղ էին գտնվում պատանդի կարգավիճակում: "Սասնա ծռեր" խումբի տեղեկատվությամբ, բուժաշխատողներն իրենց կամքով են մնացել գնդի տարածքու, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն:

Գնդի տարածքում պայթյունների ու կրակոցների մասին լուրերը ոստիկանությունը չի մեկնաբանում:

Հուլիսի 31-ի առավոտյան "Սասնա Ծռեր" խմբավորումը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ "ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է"։

"Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին", - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց, հարձակման ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկու կողմից կային վիրավորներ: Ավելի ուշ պատանդներն ազատ արձակվեցին, բայց երբ իշխանությունները սկսեցին արգելել սննդի մատակարարումը ՊՊԾ գնդի տարածքի երկայնքով ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտուց ներս, իսկ այնուհետև իրավապահների հետ բախումներում վիրավորվեցին և հիվանդանոց տեղափոխվեցին զինյալ խմբի մի շարք անդամներ՝ զինյալ խումբը պատանդ վերցրեց շտապօգնության բուժաշխատողների:

ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի պահանջների թվում են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ձևավորումը, արտահերթ ընտրությունների անցկացումը:

Անցած օրերի ընթացքում մեծ թվով քաղաքացիներ երթեր և ցույցեր են անցկացնում դեպի ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում՝ պահանջելով արյունահեղություն թույլ չտալ և սնունդ ու բժշկական օգնություն ապահովել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար:

Հուլիսի 20-ին, 21-ին և անցած գիշեր՝ 29-ին, ոստիկանությունը ուժ և հատուկ միջոցներ է գործադրել ցուցարարներին ցրելու համար: Հուլիսի 29-ին ոստիկանական գործողությունների ընթացքում հատուկ թիրախավորվել են լրագրողները: