«Տաշիր» հոլդինգը գնեց Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ը գնելու գործարքը:
Գնորդը «Տաշիր» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է և ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը:
Առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa»-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։
2021թ-ի հոկտեմբերի 19-ին ՀԾԿՀ էր դիմել «Ռոստելեկոմի» ռուսաստանյան բաժնետեր «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն` հայտնելով, որ ՌԴ քաղաքացի, ֆիզիկական անձ Արման Ունանյանը և ՀԷՑ–ը նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն` Molitro Holdings Limited, որը ձեռք կբերի «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 տոկոս բաժնեմասը։
Հարցը քննարկվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերջինը ԱԱԾ-ի հետ քննարկումների արդյունքում չի առարկում գործարքի կայացմանը։