ՊԵԿ-ը փոխկապակցվածության դեպքեր է բացահայտել ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում
Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է փոխկապակցվածության, ինչպես նաև գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:
Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 71 որոշում՝ ընդհանուր շուրջ 38.7 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ 7 վարչական ակտերով նախատեսվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 12 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: