23.11.2024
Ավետիսյան. Ոտքից վիրավորում է ստացել Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը)
prev Նախորդ նորություն

Վիրավորվել են զինված խմբի եւս երկու անդամներ. նրանց տեղափոխել են հիվանդանոց

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ տարածքում փոխհրաձգության հետեւանքով վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց:

«ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ավելի վաղ փոխրաձգության ժամանակ վիրավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը։

Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը պատմել էր, որ օրվա երկրորդ կեսին իրենց գլխավերևում երկու անօդաչու թռչող սարք է հայտնվել, որոնցից երկու առարկա է ընկել ներքև։ Խանդոյանը փորձել է մոտենալ և պարզել, թե ինչ առարկաներ են ու փորձելով վնասազերծել դրանք՝ կրակ է արձակել առարկաների ուղղությամբ, ինչից հետո Խանդոյանի վրա են կրակել։

Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանն նշել է, որ զինված խումբը չի կատարել իրենց պահանջը՝ կրակ է բացել, ինչին հետևել է պատասխան կրակը․ - «Ի խախտումն իրավապահների պահանջի, քիչ առաջ պարեկապահակային ծառայության գնդում կրակոցներ և կրակահերթեր են հնչել, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, վիրավորվել է կրակողներից Արայիկ Խանդոյանը»:

Վարուժան Ավետիսյանի պնդեց՝ իրենք արյունահեղություն չեն ուզում․ - «Մենք համարում ենք, որ մեր միսիան դրանով ավարտել ենք, և չենք ցանկանում, որ արյունահեղություն լինի։ Մենք չենք ցանկանում կրակել իրենց վրա, մենք չենք կրակում իրենց վրա: Անգամ, եթե կրակում են մեզ վրա, մենք չենք պատասխանում: Ոչ թե չենք կարող, այլ չենք ուզում։ Բայց եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք դիմել ինքնապաշտպանության»։

Այժմ զինված խումբը սպասում է բանակցությունների վերսկսմանը, որը, ինչպես փոխանցեց Ավետիսյանը, կարող է միայն Ժիրայր Սեֆիլյանը անցկացնել։ Հետևաբար իրենք պահանջում են, որ իշխանությունները բանտում գտնվող Սեֆիլյանին ներգրավեն բանակցությունների մեջ․ - «Եթե էդպես ա, մենք Ժիրայր Սեֆիլյանին ենք պահանջում: Մեզ այլևս միջնորդ պետք չէ: Թող Ժիրայր Սեֆիլյանը գա, միասին խորհրդակցենք, էս պրոբլեմին հանգուցալուծում տանք»: