Իշխանությունները որոշել են օգնել քաղաքացիներին տարբերել կաթը հավելումային արտադրանքից
Կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում մտցնել, այսուհետ առևտրի կետերում ամբողջական կաթնամթերքն ու բուսական հավելանյութեր ու ճարպեր պարունակող կաթնամթերքը կլինեն առանձին դարակների վրա։
Հիմնական նպատակը սպառողների պաշտպանությունն է, որոնք հաճախ ձեռք են բերում կաթնամթերք՝ առանց բովանդակության ծանոթանալու եւ կարող են մոլորության մեջ ընկել: Օրինագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է դեռեւս անցյալ տարի, սակայն հանձնաժողովի անդամները պնդել են օրակարգում փոփոխությունների ներառումը հետաձգելու եւ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու մասին:
Հետաձգման պատճառ է դարձել պատգամավորների այն նկատառումը, որ փոքր առևտրային կետերում հաճախ տեխնիկական հնարավորություններ չեն լինում այդ պահանջն ապահովելու համար, քանի որ այդ կատեգորիայի առևտրի կետերի տարածքը չափազանց փոքր է։ Բացի այդ, պատգամավորները մատնանշել են նաեւ փոքր առեւտրի կետերի դեպքում այդ պահանջի կատարման նկատմամբ վերահսկողությունը բարդացնելու համար, քանի որ դրանք չափազանց շատ են եւ վերահսկողության ապահովման համար ռեսուրսների վատնում զգալի կլիներ:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին առաջարկեց հետաձգել քննարկումները, քանի որ աշխատանքային ռեժիմով նոր կարգը քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն չի եղել, խնդիրը լուծված չէ: Դրա հետ մեկտեղ Քերոբյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է բացառություն անել փոքր առեւտրի կետերի համար եւ նոր կարգը չտարածել 200 քմ-ից պակաս առեւտրային տաղավարների վրա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հնչեցրած թիվը չափազանցված է համարել։ Պատգամավորը վստահ է, որ բացառությունը պետք է անդրադառնա շատ ավելի փոքր տարածք ունեցող առևտրային տաղավարներին։
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց հավանություն տալ նախարարի առաջարկած տարբերակում կատարված փոփոխություններին, իսկ հետո այդ հարցն ավելի մանրամասն քննարկել արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ: Փոփոխությունները հավանության են արժանացել միաձայն։