Իրավիճակը սահմանին լարվել է. Երևանը հայտնում է երեք վիրավորի, Բաքուն՝ մեկ զոհի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է արևելյան սահմանին լարվածության աճի մասին։ Այս պահին հայտնի է հայկական կողմից երեք վիրավորի մասին։
Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Ժամեր առաջ ՊՆ-ն հայտներ էր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակից մեկ հայ զինծառայողի վիրավորման մասին։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր սահմանամերձ շրջանում փոխհրաձգության հետեւանքով իր զինծառայողի զոհվելու մասին: