23.11.2024
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
prev Նախորդ նորություն

Սկանդալ Թուրքիայում. Netflix-ի հրապարակած քարտեզում Հայաստանը եղել է պատմական սահմաններո՞վ

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում, ինչպես գրում է ermenihaber.am-ը, Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը:


Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավարում։


Թեմային անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը։ «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով հոդվածում նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել «Netflix»-ի այդ գործելաոճից։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) գործի անցնի և ամենածանր պատժամիջոցները կիրառի «Netflix»-ի դեմ։


Ուսումնասիրելով հրապարակված քարտեզը՝ VERELQ-ը նշում է, որ Հայաստանը, իրականում, այնտեղ ներկայացված է իր ներկայիս սահմաններով՝ դեղին գույով: Չի բացառվում, որ շփոթմունք է առաջացրել քարտեզի վրա մեծ տառաչափով գրված ’’ARMENIA’’ անվանումը, որի մեծ մասը հայտնվել է Թուրքիայի տարածքում: Ի դեպ Թուրքիայի տարածքն այդ նույն քարտեզում ներկված է կապույտով: