Փաշինյանն ապտակ է ստանում մեկ Արևմուտքից, մեկ Ռուսաստանից, և դա շարունակվելու է. կարծիք
Հայաստանում գործող իշխանություններն ակնհայտորեն արևմտամետ են, սակայն Ռուսաստանին, այնուամենայնիվ, երբեմն հաջողվում է հայկական կողմին ներգրավել այս կամ այն խնդիրների լուծման համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքորոշման մասին։
Նրա խոսքով, բնականաբար, այդ դիրքորոշման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի պատասխանել։ «Մենք հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ապտակ ստանում մեկ Արևմուտքից, մեկ Ռուսաստանից, և այդ ամենը շարունակվելու է, որովհետև Նիկոլը փորձում է բավարարել բոլորին», - կարծում է Վարդանյանը:
Նա համոզված է, որ գործող վարչապետին չի մտահոգում ոչ Արցախի ճակատագիրը, ոչ էլ Հայաստանի ճակատագիրը։ Նրան միայն հետաքրքրում են սեփական մերկանտիլ շահերը, որոնք նա կարող է պաշտպանել միայն մնալով իշխանության ղեկին, նշել է Վարդանյանը։ «Նրա դեպքում իշխանությունը պահելը հնարավոր է միայն զիջումներ անելով բոլոր խոշոր խաղացողներին։ Այդ զիջումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ մեզ ղեկավարում են ոչ թե հայերը, այլ մենք բոլորս գտնվում ենք օտարերկրյա պետությունների գործակալների ազդեցության տակ։ Մեր պետությունը կառավարվում է Թուրքիայի եւ Արեւմուտքի տարբեր կենտրոններից», - հայտարարել է նա։
Վարդանյանն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հայերը կկորցնեն իրենց ինքնությունը, Հայաստանը ջնջվելու է աշխարհի քաղաքական քարտեզից: