ՄԻՊ-ն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ:
Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել նաև ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: