Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք չի կարող ժխտել. Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «անթույլատրելի է անտեսել Հայաստանի տարածքում Ադրբեջանի անկլավների հարցը»:
Նրա խոսքով, դեռեւս այս տարվա մայիսին Ադրբեջանը համաձայնություն տվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ սահմանազատման գործընթացը սկսելու համար, սակայն Հայաստանը որոշակի պայմաններ առաջ քաշեց, ուստի այն ժամանակ այդ գործընթացը չսկսվեց: «Այդ դեպքում հանձնաժողովի ստեղծումը կվերածվեր երկար, անվերջ գործընթացի», - նշել է Բայրամովը:
Ընդ որում, նա հայտարարել է, որ անկլավների հարցը իրականություն է, որը ոչ ոք չի կարող ժխտել:
«Անկլավի հարցի լուծումը կարող է տեղի ունենալ հենց սահմանազատման գործընթացում։ Ուստի կարեւոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ։ Ադրբեջանը դրա պատրաստակամություն է հայտնել։ Արդյոք աշխատանքային խմբի ստեղծումը եւ գործընթացի մեկնարկը նշանակում է կարճ ժամկետներում հարցերի լուծում: Մենք պետք է իրատես լինենք։ Դա կարճաժամկետ գործընթաց չի լինի։
Կարեւոր է իրականացնել համակարգված եւ շարունակական աշխատանքը այս ոլորտում: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ այդ գործընթացը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի զինվորականների միջեւ որեւէ լարվածություն չստեղծվի։ Սա է լավագույն միջոցը: Դրա լավագույն միջոցը մասնագետների կողմից բանակցությունների սեղանի շուրջ քննարկումներ անցկացնելն է», - ընդգծել է թշնամական երկրի ԱԳ նախարարը։
Բայրամովը նաեւ հայտնել է, որ սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովը կձեւավորվի առաջիկա ամիսներին: