Անվտանգության ոլորտում այս տարի Հայաստանի համար եղել է կատարյալ ձախողում: Որևէ բան չի բարելավվել: Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, 2020 թ. Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 40-45 քառակուսի կմ տարածք, սակայն իրականում վերահսկում է դրանից տասնապատիկ ավել տարածք: «Ադրբեջանցիները Վարդենիսից մինչև Արաքս տեղակայվել են սահմանի բերանին, որի հետևանքով հայկական դիրքապահները հետ են քաշվել 1-1,5 կմ ՀՀ տարածքից ներս: Հայաստանը կորցրել է նաև կարևորագույն կոմունիկացիաներ», - ասաց նա:
Բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ, ինչպես նշեց Ռոբերտ Քոչարյանը, գրեթե ոչինչ չի արվել: Ըստ այդմ նա օրինակ բերեց այս տարվա նոյեմբերին Սյունիքի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները, որի հետրանքով հայկական զինծառայողներից շուրջ 30-ը գերեվարվել է:
«Զինծառայողները հավանաբար մտածել են երկրի ղեկավարի՝ մեկ սարի համար չենք պատերազմելու, հայտարարության ծիրում: Քո երկիրը սարերից է բաղկացած, եթե այդպիսի հայտարարություններ են արվում, դա ուղղակի հրավեր է ադրբեջանական կողմի համար», - ասաց երկրորդ նախագահը:
Նրա խոսքով, այս տարի ոչինչի չի արվել նաև բանակի սպառազինության վերականգնման ուղղությամբ: «Այն ռազմական բյուջեն, որը նախատեսված է մյուս տարվա համար, հույս չի տալիս լուրջ խնդիրներ լուծելու համար», - ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով բանակի հրամանատարական կազմում կատարված փոփոխություններին:
«Պաշտպանության երեք նախարար է փոխվել, գլխավոր շտաբի երկու պետ: Սա այն համակարգ չէ, որ նման արագ փոփոխություններ արվեն: Պաշտպանության նախարարներին նասկու պես չի կարելի փոխել, - ասաց նա. – Ոչինչի չի արվում բանակի մարտունակությունը բարձրացնելու համար»:
Նա արհեստական գնահատեց բանակը թույլ վիճակում պահելու ներկայիս միտումները: Նպատակը՝ զիջումների հարցում հանրության դիմադրույթունը թույլ չտալն է: «Մարտունակ բանակի պարագայում հանրությունն ուղղակի թույլ չի տա գնալ նման քայլերի: Սա ես գնահատում եմ արհեստական գործընթաց», - եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը: