26.11.2024
Միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի անունից. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դեկտեմբերի 24-ին իր առցանց ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին Արցախի պաշտոնյաների արձագանքներին: Մասնավորապես նա իր ֆեյսբուքյան էջում գրել է:


«Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետեւյալ պատճառներով.


1. Այդ հարցազրույցում խոսել եմ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության մասին, հետեւաբար՝ դրանց գոյանալու վրա որեւէ ազդեցություն ունենալ չէի կարող։


2. Հարցին ի պատասխան հերքել եմ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։ Հերքել եմ, որովհետեւ բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետեւաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում եւ հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում։


3. Ինչ վերաբերվում է մինչեւ կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը Ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական եւ պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետեւ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։


4. Այս եւ մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։


5. Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաեւ այս պատճառով է սկսվել պատերազմը։


6. Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։


7. Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող»,- գրել է նա։