Քրիստիննե Գրիգորյանն առաջադրվել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին գումարել է արտահերթ նիստ՝ Թագուհի Թովմասյանի նախագահությամբ: Քննարկման առանցքում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցն է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը՝ նշելով նրա երկարամյա մասնագիտական փորձը, հատկապես օմբուդսմենի ինստիտուտի գործունեության հետ կապված ոլորտներում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը նշել է, որ Սահմանադրության համաձայն՝ ՄԻՊ-ի պաշտոնի թեկնածու կարող է լինել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը եւ հետաքրքրվել կոնկրետ Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ կայացված որոշման շարժառիթներով: Պատասխանելով բարձրացված հարցին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ հեղինակությունը չափանիշ է, որի գնահատականը ԱԺ–ն կտա ընտրություններին:
Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Գրիգորյանը նշեց, որ օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում անցել է զարգացման տպավորիչ ճանապարհ և այսօր կայացած կառույցներից մեկն է: Նրա խոսքով՝ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը եւ ներկայիս օմբուդսմեն Արման Թաթոյանն աներկբա ներդրում են ունեցել այդ ինստիտուտի ստեղծման գործում։
Թեկնածուն ընդգծեց, որ անվտանգության հարցերում անհրաժեշտ է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնական սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով սահմանամերձ գոտու ստեղծման, խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնման և պահպանման գաղափարները:
Պաշտպանի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության եւ առաջադրման հարցերը հավանության են արժանացել ԱԺ հանձնաժողովի կողմից: