26.11.2024
«Արմենիա» ավիաընկերության բոլոր չվերթերն իրականացվելու են ըստ նախատեսվածի
prev Նախորդ նորություն

Կարևոր դեր են խաղում ՀՀ-ում ռուսաց լեզվի պետական աջակցության ծրագրերը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով:


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների և կառավարության անդամներ:


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը` նշելով, որ միջպետական երկկողմ հարաբերություններում կրթության ոլորտի հարցերը մշտապես առանցքային են եղել:


Նրա խոսքով` բարեկամական հարաբերությունների շրջանակում կարևոր դեր են խաղում Հայաստանում ռուսաց լեզվի, Ռուսաստանում հայոց լեզվի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերը: Ռուսերենը համարվում է պարտադիր ուսուցման առարկա ՀՀ բուհերում և դպրոցներում, բնակչության շրջանում ամենատարածվածն է՝ որպես օտար լեզու: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում անցկացվում են ռուսերենի առարկայական օլիմպիադաներ, գործում է ավանդական դարձած ‹‹Տարվա լավագույն ռուսերենի ուսուցիչ›› մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ, իրականացնում է ուսանողների, աշակերտների և ուսուցիչների փոխանակման մի շարք ծրագրեր, կազմակերպվում և անցկացվում են համատեղ քննարկումներ, սեմինարներ, փոխադարձ երկկողմ այցեր:


Ընդգծելով, որ հայ-ռուսական միջկառավարական համագործակցության օրակարգում ընդգրկված է նաև Ռուսաստանում հայերենի՝ որպես մայրենի լեզվի ուսուցման զարգացման մասին դրույթը` նախարարի տեղակալը նշել է, որ կոմպակտ հայ բնակչությամբ բնակավայրերում հայերենի՝ որպես մայրենի լեզվի ուսուցման հարցը դեռևս բաց է և լուծման կարիք ունի:


Նիստի օրակարգային հարցերի շրջանակում պատգամավորները երկկողմ միջպետական երկխոսության ամրապնդման համատեքստում անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, դրանց հիմնական ուղղություններին ու հեռանկարներին: Քննարկման մասնակիցները բարձրացրել են ռուսալեզու ուսումնական ձեռնարկների և դասագրքերի համալրման, կրթական փոխանակման ծրագրերի, միջբուհական համագործակցության, թատերական փառատոնների կազմակերպման խթանման հարցերը:


Հանձնաժողովի նիստում որոշվել է աջակցել Երևանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրմանը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրվի տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներով:


Հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում հաջորդ տարի: