ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրվել է Հովհաննես Հովհաննիսյանը
Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԵՊՀ հոգաբարձուների նիստի քվեարկության արդյունքներով 19 կողմ, 5 դեմ ձայներով և 5 տարի ժամկետով Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։ Միակ թեկնածուն ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էր:
Լրագրողների հետ զրույցում նա պատճառաբանել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրվելու իր ցանկությունը՝ նշելով, որ երկու տարի առաջ նման նպատակ չի ունեցել:
«Դա եղել է երկու տարի առաջ։ Հետագայում մարդկանց ծրագրերը փոխվում են։ Շատ բաներ փոխվեցին, և ես գտա անհրաժեշտությունը, որ պետք է գամ ԵՊՀ։ Կարծում եմ՝ իմ աշխատանքի 4 ամսվա ընթացքում ապացուցել եմ, որ իմ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Երևանի պետական համալսարանում ռեկտորի ընտրությանը զուգահեռ մի խումբ ուսանողներ, որոնք հարում են Հայ հեղափոխակա դաշնակցություն կուսակցությանը բողոքի ակցիա էին իրականացնում:
Նրանք նշում էին, որ Հովհաննես Հովհաննիսյանի ընտրությամբ «Մայր բուհը բռնում է ՔՊ-ականացման ուղին»: Բողոքի ակցիայի ներկայացուցիչները նաև նշում էին՝ գործող իշխանությունները, որ ժամանակին դեմ էին արտահայտվում բուհերի քաղաքականացմանը, այժմ անում են ճիշտ հակառակը:
«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը»,- ասաց նա։
Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է: