25.11.2024
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել. Հայկ Մարությանի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Ամանորին TOM and JERRY-ն՝ Հայաստանում

Ամանորը հեքիաթներով լի է բոլորի, բայց հատկապես մանուկների համար, որոնք Ձմեռ Պապիկին իրենց նամակները գրած սպասում են հրաշքների: Դեկտեմբերի 24-ից «Բոհեմ» թատրոնում կլինի Նարեկ Դուրյանի «Ամանորին TOM and JERRY-ն՝ Հայաստանում» մանկական երաժշտական կատակերգությունը:

Երեխաներն ականատես կլինեն, թե պահատաբար Հայաստանում հայտնված սիրված հերոսներ TOM-ը եւ JERRY-ն ինչ արկածների միջով կանցնեն: Ներկայացման մեջ նաեւ ընդգրկված են հայկական հեքիաթների շատ հայտնի հերոսներ՝ գառնուկը, գայլուկը, պոչատ աղվեսը եւ այլն: Ինտերակտիվ ներկայացման մեջ հերոսների զրույցների միջոցով զարգանում է պատմությունը՝ զուգորդված երգ-երաժշտությամբ, պարերով, ուսուցողական սցենարով:

Պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումն ունի ուղերձներ, որոնցից մեկն այն է, որ ամեն ազգ ու երկիր ունի իր հերոսները, բայց մենք ունենք մերը, սիրում ու գնահատում ենք մերը: Ներկայացումը համեմված է առակներով. հայկական հերոսները պատմում են մեր մասին, մեր գրողների, պատմամշակութային կոթողների ու հուշարձանների մասին, իսկ TOM-ը եւ JERRY-ն պատմում են Հոլիվուդից:

Մեկ ժամ տեւող ներկայացման բեմադրությունն ու երաժշտական ձեւավորումը Նարեկ Դուրյանինն է:

Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի արդեն սիրված ու ճանաչված դերասանները: Տարիների փորձը ցույց է տալիս, որ բոլոր ներկայացումներից հանդիսատեսը միշտ հեռանում է բարձր տրամադրությամբ՝ թողնելով դրական արձագանք:

Ներկայացման պաստառի հեղինակը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղից 13-ամյա Սարմոսյան Ֆենյան է։ Պաստառի ստեղծման պատմությունը եւս հետքրքիր է:

Դեկորատոր, նկարչուհի Արեւիկ Առաքելյանը դասավանդում է Դրախտիկի միջնակարգ դպրոցի նկարչական խմբակում: Նրա հանձնարարությամբ՝ մոտ 50 երեխա պատրաստել են թեմատիկ ձմեռային տեսարանով նկարներ, որոնցից ընտրվել է մեկը: Մյուս երեխաների աշխատանքները կցուցադրվեն ամանորյա ներկայացումների ժամանակ՝ թատրոնի նախասրահում։ Սա «Բոհեմ» թատրոնի փոքրիկ լուման է` ուղղված տաղանդներ բացահայտելուն եւ հանրությանը ներկայացնելուն։