ԱՄՆ-ը կիբերտարածությունում գաղտնի գործողություն է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Թեհրանը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի անոնիմ պաշտոնյաների: Գործակալության զրուցակիցների ասելով՝ գործողությունը կատարվել է սեպտեմբերի վերջին եւ ուղղված է եղել «քարոզչության» տարածման Թեհրանի հնարավորությունների դեմ: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գրոհը «ֆիզիկապես ազդել է» սարքավորումների վրա, սակայն ավելի մանրամասն տվյալներ նա չի բերել: Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից կիբերգրոհի վերաբերյալ տեղեկատվությունը: