29.09.2024
Ադրբեջան-Բելառուս. նավթ, զենք և գեոպոլիտիկա
22.01.2020
Ադրբեջան-Բելառուս. նավթ, զենք և գեոպոլիտիկա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը կարող է գնել ադրբեջանական նավթ՝համաշխարհային գներով: Բելառուսը ցանկանում է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրման ուղիներն ու կախվածություն չունենա միայն ռուսական նավթից ու գազից ու այս տեսանկյունից, Մինսկի շահերը համընկնում են Ադրբեջանի հետ, որը էներգակիրներ արտահանող երկիր է և ցանկություն կունենա դուրս գալ նաև բելառուսական շուկա: Գեոպոլիտիկ տեսանկյունից, ադրբեջանական նավթը հնարավորություն է տալիս Մինսկին որոշակի զիջումներ կորզել ռուսական կողմից: Երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանուր տնտեսական նախագծեր և Մինսկի համար Հարավային Կովկասում Ադրբեջանը՝ռազմավարական գործընկեր է: Սերտ են կապերը նաև նախագահների մակարդակով: Բելառուսն Ադրբեջան է արտահանում մեքենաշինական արտադրանք, դեղորայք, սննդամթերք և այլն: Բելառուսն Ադրբեջանից ներկրում է ալյումին, նավթամթերք, գյուղատնտեսական արտադրանք: Այսօր Ադրբեջանում գործում է բելառուսական կապիտալով երեք ձեռնարկություն: Բելառուսում գործում է ադրբեջանական կապիտալով 18 ընկերություն և 30 համատեղ ձեռնարկություններ: Երկու երկրների արտադրական կոոպերացիայի առաջատարը Գյանջայի ավտոմոբիլային գործարանն է, որտեղ 9 տարվա ընթացքում արտադրվել է 6.5 հազար Բելառուս տրակտորներ և ավելի քան երեք հազար ՄԱԶ բեռնատարներ: Բացի տնտեսական կապերից, Բաքուն տարիներ շարունակ բելառուսական զենքեր է գնում և այդ կերպ ամրապնդում են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Ադրբեջանն ունի զգալի ֆինանսական ռեսուրսներ և չլուծված ղարաբաղյան հարց, իսկ Բելառուսի համար կարևոր է ունենալ սեփական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի համար նոր շուկայի առկայությունը: Բաքուն ելնելով իր գեոպոլիտիկ շահերից ամրապնդում է կապերը Բելառուսի հետ, որը դաշնակցային հարաբերություններ ունի ՀՀ-ի հետ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում և այդ կերպ ադրբեջանական կողմը նաև տարաձայնություններ է ցանկանում մտցնել դաշնակիցների միջև, քանի որ բելառուսական կողմից զենքերի վաճառքը Բաքվին մտահոգություններ է առաջացնում պաշտոնական Երևանի մոտ: Ինչ կարող է հակադրել ՀՀ-ն՝Բելառուս-Ադրբեջան հարաբերություններին:Երևանը պետք է շարունակի խորացնել հարաբերությունները Բելառուսի հետ՝ընդհանուր տնտեսական նախագծերի, առևտրային շրջանառության մեծացման տեսքով, այսինքն դառնալ Մինսկի համար կարևոր տնտեսական գործընկեր ու գործոն Հարավային Կովկասում, որի շահերը հաշվի են առնում: ՀՀ-ն կարող է հենվել նաև Բելառուսում բնակվող հայ համայնքի ներուժի վրա, ինչպես նաև հայ բիզնեսմենների անձնական լավ հարաբերությունների Լուկաշենկոյի հետ՝առաջ մղելով հայկական շահերը: 2009թ. թվականի մարդահամարի տվյալների` Բելառուսում բնակվել է 8512 հայ, որից. 1955-ը` Մինսկ քաղաքում: Բացի այդ, ըստ համայնքի տվյալների, 2011թ. դրությամբ, ժամանակավոր բնակեցման կարգավիճակով Բելառուսում են գտնվում ևս մոտ 15 հազ. հայ: Պաշտոնական տվյալներով հայերը զբաղեցնում են 6-րդ տեղը երկրում` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից եւ հրեաներից հետո: Գործում են բազմաթիվ հայկական համայնքային կառույցներ և հայ համայնքի ներուժը պետք է լիարժեք օգտագործվի, որպես կապող կամուրջ երկրների միջև: