29.09.2024
Հորդանան-Հայաստան. Երևանն ակտիվացնում է արաբական ուղղությունը
10.02.2020
Հորդանան-Հայաստան. Երևանն ակտիվացնում է արաբական ուղղությունը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալա երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը պետք է լինի առանցքային՝հաշվի առնելով Մերձավոր Արևելքի գեոպոլիտիկ կարևորությունը, այնտեղ առկա հայ համայնքները, ինչպես նաև Ադրբեջանի ակտիվ հակահայկական քարոզչությունն՝առաջին հերթին ղարաբաղյան հարցում: Բաքուն՝ Արաբական պետությունների լիգայում և Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում միշտ փորձում է հասնել հակահայկական բանաձևերի ընդունմանը ղարաբաղյան հակամարտության մասով՝դրան տալով կրոնական և ազգային երանգներ: ՀՀ-ն պետք է հնարավորինս մեծ թվով դաշնակիցներ ձեռք բերի արաբական աշխարհում և Հորդանանի թագավորի այցը պետք է առաջին հերթին հնարավորություններ ստեղծի ներդրումներ ներգրավվելու համար՝փոխադարձ կապերը դրվեն տնտեսական լուրջ հիմքի վրա: Պաշտոնական Երևանը պետք է օգտագործի նաև տեղի հայ համայնքի ներուժը՝բիզնես, քաղաքական և հումանիտար: Հորդանանում հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակից, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստան գտան Հորդանանում։ Հորդանանի հայերը բնակվում են հիմնականում Ամմանում, գործում է հայկական դպրոց, առկա են եկեղեցիներ և համայնքային կառույցներ:Հորդանանում բնակվում է 3.000 հայ։ Տեղի հայ համայնքը նաև ՀՀ-ի «դեսպաններ» են այդ երկրում և կամուրջի դերակատարում ունեն: Երևանը պետք է ակտիվացնի տեղի հայ համայնքի և ՀՀ-ի կապերը՝այդ թվում բիզնես համագործակցությունը: Հորդանանը՝ ՀՀ-ի համար պետք է ընկալվի, որպես ևս մեկ հնարավոր գեոպոլիտիկ դաշնակից, որի տնտեսական ներուժը հնարավոր է օգտագործել՝արաբական այդ երկրից ներդրումներ ներգրավվելու համար, զարգացնելով կապերը տուրիստական և այլ ոլորտներում: Հորդանանի համար ՀՀ-ն կարող է հետաքրքիր լինել, որպես ԵԱՏՄ երկիր և այդ հարթակն Ամմանը կարող է օգտագործել այդ շուկա դուրս գալու համար: Հորդանանյան ներդրումները կարող են ուղղվել Մեղրիի ազատ տնտեսական գոտի, իսկ հայկական ներդրումներն՝Աքաբայի հատուկ տնտեսական գոտի: Տնտեսական, քաղաքական հարաբերությունները պետք է խրախուսվեն և այցերը չկրեն պրոտոկոլային բնույթ, այլ ունենան պրակտիկ նշանակություն: