23.11.2024
Պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկել՝ պատժամիջոցների կիրառման տեսքով․ Ջուլհակյան
prev Նախորդ նորություն

Արցախում նոր ճակատներ են ձևավորվել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը եւս լարված է: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս օրերին Արցախում ձեւավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում: Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ վերջինիս մոտ նախընտրական տրամադրություն է. շտաբներ է ձեւավորում, տարբեր ֆորմատներով հանդիպումներ է ունենում քաղաքացիների եւ քաղաքական շրջանակների հետ: Մեզ տեղեկացրին նաեւ, որ Բաբայանն անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում: Նա Արցախում ինչ-որ պաշտոն ստանալու անհագուրդ ցանկություն ունի, թեեւ, ինչպես մեզ վստահեցրին, Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որեւէ պաշտոնի նորից կնշանակի:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պլանները կարծես թե ձախողվում են։ Գրել էինք, որ Բաբայանը նախաձեռնել է ապրիլի վերջերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրանային ակցիա սկսել եւ պահանջել պետնախարարի պաշտոնը՝ Արցախը ստեղծված իրավիճակից հանելու համար։ Ինքը՝ Բաբայանը եւս հաստատել էր այս լուրերը՝ լրատվամիջոցներին ասելով, որ թող իրեն պետնախարարի պաշտոնը եւ 100 օր տան ու կտեսնեն, թե ինչ է անում։ Սակայն վրանային ակցիան կարծես հետաձգվում է, քանի որ մեր աղբյուրներն ասում են, որ այդ մեծ հավաքից առաջ կազմակերպած հանդիպում-քննարկումների ժամանակ Բաբայանը հասկացել է, որ չունի բավարար աջակցություն եւ չի կարող նման պահանջ ներկայացնել Արցախի իշխանություններին, որոնք առանց այն էլ հակված չէին իրեն պաշտոն առաջարկելու։ Բաբայանը հիմա էլ պատրաստվում է ստորագրահավաք իրականացնել եւ ներկայացնել իր աջակիցների թիվը։ Տեղեկացանք, որ օրերս հերթական նման հավաքն են արել, որի ընթացքում խայտառակ միջադեպ է գրանցվել: Բաբայանի իրական աջակիցներից մեկը, թերեւս փորձելով Կամանդույուշչիին հնարավորություն տալ՝ մաքրվելու իր հասցեին պտտվող տհաճ պատմություններից, իր ելույթում ասել է, որ Բաբայանի մասին 90-ականների վերաբերյալ լեգենդներ են պտտվում, թե իբր բեսպրեդել է հաստատել, բռնաբարություններ, քրեական տարբեր պատմություններ, եւ առաջարկել է Բաբայանին՝ վերջակետ դնել այդ խոսակցություններին, սակայն Բաբայանը զայրացել է այդ առաջարկից եւ երիտասարդին կոպտել․ «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»։ Ներկաների համար այդ պատասխանը շոկային է եղել, եւ նրա ճամբարում սկսել են խոսել, որ «կարմիր կովը կաշին չի փոխում»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին Հ1-ի եթերում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հակառուսական քարոզչությունն ավարտել է սենսացիոն հայտարարությամբ: Ասել է, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում» է ՌԴ-ին, «եւ Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը»։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում ասված է․ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ ԱԽՔ-ի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրել են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացրել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սյունիքից ընտրված ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին օրերս Շուռնուխում «փառահեղ» ընդունելության են արժանացրել։ Սահմանամերձ այս գյուղի կեսը մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ։ Կառավարությունը մոտ 3 տարի առաջ խոստացել էր տնազուրկ շուռնուխցիներին ապահովել նոր տներով, սակայն չի արել, եւ ճանապարհը կառուցելու խոստումն էլ է մնացել անկատար՝ գյուղը Գորիսին կապող միակ ճանապարհը գրեթե անանցանելի է։ Շուռնուխցիներն իշխանական պատգամավորին ամոթանք են տվել գյուղի խնդիրները չլուծելու համար, այնքան են նեղել, որ նա գրեթե ինքնախոստովանական «ցուցմունք» է տվել՝ իր էջում թվարկել է շուռնուխցիների չլուծված խնդիրները՝ տարհանված ընտանիքների տների անավարտ աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարման, արոտավայրերի բացակայության, ջրամատակարարման խնդիրներ, ապա մեղքը բարդել համայնքային իշխանության վրա․ «Բարձրաձայնված հարցերի զգալի մասը գտնվում է համայնքի լուծման տիրույթում, իսկ բազմաթիվ բնակիչներ գոհունակությամբ նաեւ արտահայտվում էին այն զգալի ու կարեւոր աշխատանքի մասին, որն արվել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում վերջին մի քանի տարիների ընթացքում»: Մինչդեռ, դիցուք, նոր տների կառուցումը համայնքի հարցը չէ, այլ՝ կառավարության: Կամ` արոտավայրերի բացակայության պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ բանավոր պայմանավորվածությամբ զորքերը հետ քաշեցին Կովսականից եւ Սանասարից՝ Սյունիքը դարձնելով սահմանամերձ։ Հիշեցնենք, որ Շուռնուխում սահմանային ճշգրտումներից հետո հակառակորդին էր անցել 13 տուն, իսկ նոր տների կառուցման խոստումը չի իրականացվել, մինչդեռ անցած տարի Գորիսի համայնքապես Առուշ Առուշանյանը եւ բարերարները 7 բնակարան վերանորոգեցին համայնքային նշանակություն ունեցող շենքում եւ հանձնեցին տնազուրկ շուռնուխցիներին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Մարտի 1»-ի գործով նոր փորձաքննություններ են նշանակվել: Ավելին՝ գործով անցնող մեղադրյալներից շատերը երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու, թե այդ ինչ նոր փորձաքննություններ են նշանակվել, ում կողմից եւ ինչ հիմքերով: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ասել էր. ««Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատոր է։ Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դիմել եմ խնդրանքով՝ ձեւավորել քննչական խումբ, որովհետեւ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ սա հնարավոր չէ տեղավորել»։Վարդապետյանն ասել էր նաեւ, որ դատախազական հսկողություն կիրականացվի, եւ այդ գործը դրվագ առ դրվագ կուսումնասիրվի։ Նկատենք, որ նորանշանակ դատախազը նշանակվելուց հետո անգամ փոխել էր գործը հսկող դատախազին, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված 15 տարի անց: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետեւից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, եւ դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երեւան քաղաքի կենտրոնում: Տեսնենք, թե ինչ կտան այս նոր փորձաքննությունները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն որպես այդպիսին: Նկատենք, որ դատարանը գործն ընդունել է վարույթ։ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել էր նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասել էր. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»: Իսկ, ահա, ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնել էր. «Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ դարձած «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրը։ Հասարակությունը լավ գիտի, որ հայրս եւ իր եղբայրը միասին են հիմնել իրենց բիզնեսները, հետեւաբար աբսուրդային իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Փաստացի ոչ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը: Այսքա՛նը»: Այսպիսով, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ Աժ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդիները էրեբունի դատարանում են. ինչով կավարտվի այս դատական վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ աշխատակազմը 10 մլն 752 հազար դրամի կոնյակ է գնել։ Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Վինո վինո» ՍՊԸ-ից։ Ընդհանուր գնվել է 480 շիշ կոնյակ, որից 160 հատը՝ «Ախթամար», 1 միավորի գինը՝ 14 հազար 160 դրամ, «Հայաստան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 18 հազար 960 դրամ, «Վասպուրական»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 25 հազար 279 դրամ, «Նաիրի»՝ 50 շիշ, միավորի գինը՝ 39 հազար 440 դրամ, «Երեւան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 21 հազար 439 դրամ, «Էյփրիքոթ»՝ 70 շիշ, միավորի գինը՝ 8 հազար 200 դրամ, եւ «Արարատ Շառլ Ազնավուր 25»՝ 20 շիշ, միավորի գինը՝ 100 հազար դրամ։ ԱԺ-ն նշված կոնյակների գնումը կատարել է ապրիլի 14-ին։