Բանակցություններում առանց ազդեցիկ միջնորդի դժվար է ակնկալել տևական շոշափելի արդյունք
Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը վերլուծություն է ներկայացրել ԱՄՆ-ում մեկնարկած Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերաբերյալ.
"1. ԱՄՆ-ի նախաձեռնած բազմափուլ բանակցային գործընթացում առաջին հայացքից Վաշինգթոնը չի փորձում դիրքավորվել իբրև միջնորդ՝ ներկայանալով որպես ընդամենը «բարի ծառայություններ» մատուցող դերակատար։ Մինչդեռ ադրբեջանահայկական հակամարտությունն այնքան խրթին է և բազմաշերտ է, հակամարտ կողմերի շրջանում այնքան մեծ է փոխադարձ անվստահությունն ու թշնամանքը, որ առանց ազդեցիկ միջնորդի ուղղակի ներգրավվածության/երաշխավորության դժվար է ակնկալել տևական շոշափելի արդյունք։
2. Աշխարհաքաղաքական ներկայիս բարդագույն դիմակայության պայմաններում, նաև հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող անզիջում մրցակցության պարագայում կանխատեսելի է, որ գլոբալ խաղացողներից յուրաքանչյուրը փորձելու է տապալել մրցակից միջնորդական հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունները և/կամ վերջնական համաձայնության ձեռքբերումը կազմակերպել հենց սեփական ձևաչափում։ Վերոնշյալի համատեքստում Մոսկվայի նյարդային վարքագիծը խիստ կանխատեսելի է։
3. Հայաստանի պարագայում ընդունելի փոխզիջումային միջավայրի/պայմանավորվածությունների և, որ ոչ պակաս կարևոր է՝ երաշխավորության ինստիտուտի ապահովման պայմաններում կանխատեսելի է որևէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը։
4. Ադրբեջանի դեպքում կառուցողական վարքածի դրսևորումը պակաս կանխատեսելի է, քանի որ Բաքուն ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում նաև ուժային դիվանագիտության կիրառմամբ տեսնում է հայկական կողմերից առավելագույնը ստանալու հնարավորություն։ Հետևաբար, դժվար է կանխատեսել Բաքվի կողմից սեփական հնարավորությունները կաշկանդելուն/սահմանափակելուն միտված քայլեր։ Եվ հենց աշխարհաքաղաքական մրցակցությունն ու ռուսական մրցակից հարթակի առկայությունն ապահովում է Ադրբեջանի համար անհրաժեշտ մանևրի հնարավորությունը։
Մինչդեռ, ժամանակային առումով՝ կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև հունիս ամիս՝ Թուրքիայում ընտրական գործընթացի ավարտի առավելագույն ժամկետը, Ադրբեջանը կարող է դրսևորել որոշակի կառավարելի վարքագիծ, քանի դեռ Թուրքիայի համապետական ընտրությունների արդյունքներով չի արձանագրվել իր համար եզակի ձեռնտու արդյունք՝ գործող նախագահի և իշխանության հաղթանակը։
Հ.Գ. Նման խրթին հակամարտությունների պարագայում սովորաբար ընդունված պրակտիկա է միաժամանակյա բազմափուլ բանակցությունների կազմակերպումը։ Բայց, որպես կանոն, դրանց լավագույն կանխատեսելի արդյունքը հարաբերությունների կարգավորման շրջանակների վերաբերյալ ընդհանուր համաձայնությունների արձանագրումն է, որը տվյալ դեպքում ևս հնարավոր է",- գրել է Պետրոսյանը։