VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորում եւ փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաեւ Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։ Այդ գծի կրողներն են Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, որը երեկ Արցախում ռուսների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ այս խումբն ակտիվ հավաքներ է կազմակերպում, աչալուրջ հետեւում, որպեսզի եթե հանկարծ Արայիկ Հարությունյանը ընդդիմանա Փաշինյանին, ներքին խռովություններ հրահրեն։ Նշենք նաեւ, որ մի քանի օր է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժում է սկսվել, որով պահանջագիր է ներկայացվելու միջազգային հանրությանը՝ վերացնել Արցախում Ադրբեջանի վարած, հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:
Պահանջագրի նախաձեռնողները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել Ստեփանակերտում, շրջկենտրոններում՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, Արցախի մյուս բնակավայրերում: Պահանջագիրը կներկայացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՌԴ նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի եւ ՀՀ վարչապետին՝ որպես Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ունեցող պետության ղեկավարի: Այս շարժման հետեւում էլ, որոշ տեղեկություններով, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է կանգնած։
«Հրապարակ» թերթը գրում է. Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտեւի եւ նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները հատուկ են նման օրակարգ ձեւավորել: Արցախի շուրջ վերջին անցանկալի զարգացումները մտահոգել են ՔՊ-ականներին եւ նրանք վախենում են հանրային ընդվզումից, չեն ցանկանում ավելորդ հայտարարություններ անել, բորբոքել հանրային լայն զանգվածներին։ Ի դեպ, արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ շրջափակումից հետո ԱՀ օրենսդիր մարմինը քանից պաշտոնապես դիմել է` թեկուզ օնլայն համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր հրավիրելու համար, սակայն ՀՀ խորհրդարանի ղեկավարությունն անարձագանք է թողել այդ դիմումները։
«Հրապարակ» թերթը գրում է. ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է եւ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում նոր քայլերի է գնալու, որպեսզի մինչեւ Թուրքիայի ընտրությունները` մայիսի 14-ը նվեր մատուցեն Էրդողանին: «Այս փութաջանությունը, որ ունի Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին, որը ակնհայտորեն հաղթող է ճանաչվելու սպասվող ընտրություններում», - կարծում է Հակոբյանը։ Նշենք, որ մի քանի օր է Արցախ-Հայաստան ճանապարհին՝ Հակարի կամրջին տեղակայված ապօրինի անցակետը ադրբեջանցիները սկսել են գործարկել։
«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտոնավարումը դեռ նոր-նոր սկսած Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմում իսկական կադրային ջարդ է սկսել, նա ՄԻՊ աշխատակիցներին ասել է, որ իր սեփական աշխատակազմն է ձևավորում և լավ կլինի, որ կամովին դիմումներ գրեն ու գնան։ ՄԻՊ աշխատակիցների մի մասը համաձայնել է Մանասյանի առաջարկին՝ համարելով անիմաստ դիմադրելը եւ համաձայնելով, որ ամեն ղեկավար իր ուզած աշխատակազմը պետք է ձեւավորի։ Մենք գրել էինք, որ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրը դիմում է գրել ու աշխատանքից ազատվել աշխատակազմի գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանը։ Տեղեկացանք, որ դիմում է գրել նաև քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք։ ՄԻՊ աշխատակազմից հեռացել է նաև մամուլի խոսնակ Ամալյա Մարգարյանը, նրա փոխարեն նշանակվել է Արթուր Ասլանյանը։ Մանասյանը բոլոր հայեցողական պաշտոն զբաղեցնողներին ասել է, որ աշխատանքից դուրս գան, քանի որ ինքն այդ պաշտոններում իր մարդկանց պիտի նշանակի։ Դիմում է գրել նաեւ ՄԻՊ խորհրդական Լիլիթ Սեֆիլյանը։ Մանասյանը նույնիսկ ՄԻՊ գրասենյակի վարորդին է աշխատանքից ազատել, որն այդ աշխատանքին էր դեռևս Արման Թաթոյանի ժամանակվանից։ Նորընտիր պաշտպանն ասել է, որ ինքն իր վարորդն ունի։ ՄԻՊ աշխատակազմից հաստատեցին մեր տեղեկությունները։ Հարցին, թե Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնելուց հետո քանի՞ հոգի է ազատվել աշխատանքից, գրասենյակից պատասխանեցին․ «Ապրիլի 12-ից մինչև այսօր աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, Պաշտպանի 3 օգնական, մեկ խորհրդական և դեպարտամենտի մեկ ղեկավար»:
«Հրապարակ» թերթը գրում է. Հասարակական գործիչ, ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը Վարչական դատարանում բողոքարկել է Ազգային ժողովի որոշումը՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու վերաբերյալ՝ դատարանից պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ-ի այդ որոշումը։ Էդգար Ղազարյանի դիմումի հիմքերից մեկն այն է, որ Անահիտ Մանասյանը՝ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, հրաժարական չտալով այդ պաշտոնից և փաստացի զբաղեցնելով այդ պաշտոնը, առաջադրվել է ՄԻՊ թեկնածու այն դեպքում, երբ օրենքն արգելում է դատախազին որպես թեկնածու մասնակցել սահմանադրական մարմնի ղեկավարի ընտրություններին։ Վարչական հայցի քննությունը մակագրվել է դատավոր Արմեն Ներսիսյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել, քանի որ Սահմանադրական դատարանում ժամանակին աշխատել է Էդգար Ղազարյանի ենթակայության ներքո, ուստի չի կարող այս գործով չեզոքություն դրսևորել։
«Դատարանն արձանագրում է, որ դատավոր Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում միաժամանակ թե՛ սույն գործով հայցվորի՝ Էդգար Ղազարյանի, թե՛ վիճարկվող որոշման հասցեատեր՝ Անահիտ Մանասյանի հետ: Ընդ որում, Էդգար Ղազարյանը, որպես ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, եղել է դատավոր Արմեն Ներսիսյանի ղեկավարը /Արմեն Ներսիսյանն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում որպես աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ/, ինչը հանդիսանում է դատավորի մոտ սույն գործով հայցվորի և de facto երրորդ անձի՝ վիճարկվող որոշման հասցեատեր՝ Անահիտ Մանասյանի նկատմամբ կանխակալ կարծիքի ձևավորման պատճառ: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է՝ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ»,- ասված է դատարանի որոշման մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին պաշտոնյային: Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնի։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը սպասում է Ջալալ Հարությունյանի պատասխանին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաեւ հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է եւս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, կքննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում: Մասնավորապես, նա առաջարկում է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով: Որպես հիմնավորում՝ նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին», այսինքն՝ վեց ամիս է մնացել հանձնաժողովի վերջնական արդյունքների համար: Հիշեցնենք, որ միայն ՔՊ-ականներից կազմված այդ հանձնաժողովի իրական նպատակը պատերազմի հնարավոր հանգամանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն այսօրվանից խորհրդարանը վերսկսում է իր աշխատանքը: Մեկնարկում են ԱԺ 5-րդ նստաշրջանի հերթական նիստերը: Այս շաբաթ խորհրդարան է գնալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելու դատախազության 2022թ.-ի գործունեության մասին հաղորդումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազի՝ ԱԺ գալուն ընդառաջ՝ շատ ՔՊ-ականներ փորձում են Վարդապետյանի հետ հարաբերություն կառուցել կամ վերականգնել, քանի որ նախկինում, երբ Վարդապետյանը աշխատում էր արդարադատության փոխնախարար եւ անարդար ձեւով հեռացվեց պաշտոնից, շատ ՔՊ-ականներ անգամ չէին բարեւում նրան: Հիմա վախենում են, որ Վարդապետյանը գուցե «վրեժ լուծի» իրենցից, քանի որ շատերի ունեցվածքը շեշտակի չհիմնավորված ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ականները տարբեր առիթներ են փնտրում գլխավոր դատախազի հետ հանդիպելու համար, սակայն Վարդապետյանը հիմնականում խուսափում է ՔՊ-ականների հետ շփումներից: Նա ուղիղ շփման մեջ է միայն Նիկոլ Փաշինյանի հետ եւ ԱԺ գնալիս Վլադիմիր Վարդանյանի հետ է շփվում, ընդմիջում է անում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սենյակում:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ: Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու եւս երեք անձ. ավելի ուշ՝ ապրիլի 26-ին, կալանավորվել էր Երեւանի կայազորի հոսպիտալի պետը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական էլիտան կիրակի օրը խնջույքի է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական վերնախավը՝ նախարարները եւ պատգամավորները, Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ընտանիքի հետ է մասնակցել միջոցառմանը: Հովակիմյանն անձամբ է զանգահարել եւ կուսակից ընկերներին հարսանիք հրավիրել՝ մոռանալով, որ ինքը անկախ մարմնի ղեկավար է եւ պետք է քաղաքական չեզոքություն պահպանի: ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը բավականին ճոխ է նշվել, ՔՊ-ականներն էլ լավ քեֆ են արել, ուրախացել, ինչպես հայտնի հեքիաթում՝ աշխարհը խալի է ոտի տակ… Տեղեկացանք, որ Հովակիմյանի որդու հարսանիքը եղել է «Լիաննա» ռեստորանային համալիրում, որի սեփականատերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Դավիթ Դանիելյանի միջեւ գզվռտոց է սկսվել։ Առաջիկայում՝ ըստ ամենայնի մայիսի վերջին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, այցին ընդառաջ պատգամավորներն ակտիվ շրջում են համայնքներով, հանդիպում բնակիչների, ավելի ճիշտ՝ ընտրողների հետ՝ հույս ունենալով, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն իրենց կգովեն, վարչապետին կասեն, որ իրենց հոգսերով հետաքրքրվող պատգամավորներ կան եւ այլն։ Բանն այն է, որ մարզի տարածաշրջաններն ի սկզբանե ներքին բաժանման են ենթարկել, դիցուք` Կապանը հարակից համայնքներով Դավիթ Դանիելյանի կուրացիայի տակ է, Գորիսը` Արմեն Խաչատրյանի, Մեղրին՝ Նարեկ Ղահրամանյանի: Սակայն Դավիթ Դանիելյանը խախտել է պայմանավորվածությունը եւ վերջերս սկսել է շրջել Գորիսի համայնքներով։ Իհարկե, ՔՊ մեր աղբյուրները կատակում են, թե այնպես չէ, որ այդ այցերից սյունեցիների կյանքը փոխվում է, բայց ՔՊ-ականները կարծում են, որ սեւ փիառն էլ է փիառ, միայն թե վարչապետի մոտ իրենց անունը հնչի»: