Արևմուտքը Հայաստան եկող փողը պակասեցրել է. ՄԱՄՈՒԼ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Թերթի տեղեկություններով, Հայաստան եկող «արևմտյան դրամաշնորհները» վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ հունվարից հետո՝ առավել ևս, նկատելիորեն նվազել են։ Ավելին, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ինքնամոռաց շարունակում են «սեր խոստովանել» Արևմուտքին, նույն Արևմուտքը բաց տեքստով ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հետաքրքրություններ չունի Հայաստանում՝ տարբեր ծրագրերի հետ կապված, առավել ևս, որ այս իշխանությունները նախորդ ծրագրերը մեծամասամբ ձախողել են: Նրանք հստակ ցույց են տալիս, որ, մեծ հաշվով, նրանց միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի ու անմիջականորեն իշխող ուժի միջոցով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Ավելին, տարիներ շարունակ իրենց դրամաշնորհներով սնված կառույցների գործունեության արդյունավետությունից ևս, ըստ մեր աղբյուրների, Արևմուտքում բավական դժգոհ են:
Բանն այն է, որ թեպետ հակառուսական տրամադրությունները քիչ չեն, սակայն դրանք Արևմուտքում բավարար չեն համարում, քանի որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները փչացնելու փաշինյանական քաղաքականությանը: Ըստ այդմ, այս ուղղությամբ ևս արևմտյան դրամաշնորհային հոսքերը նկատելիորեն կրճատվել են։ Թերթի տեղեկություններով, իշխանությունները միայն այս տարվա ընթացքում երկու անգամ դիմել են դրամաշնորհ տրամադրող երկու կառույցի հայաստանյան «ներկայացուցչություններ», որպեսզի մի քանի ՀԿ-ների գումարներ հատկացվեն տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով, սակայն այդ գումարը չի տրամադրվել։ Ճիշտ է, ուղիղ մերժում չի եղել, բայց շատ «գեղեցիկ» հասկացրել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն գտնում նման հարցերով գումար հատկացնել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել։ Քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձեւավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։ Վերջերս ձեւավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը եւ կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի եւ այլն։ Բագրատ սրբազանը մտադիր է նաեւ քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձեւավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ «Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, եւ ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, որ Վահե Ղազարյանը երբեւէ նման հանդիպում է ունեցել։ Իշխանափոխությունից հետո Վալերի Օսպիյանն էր քաղաքացիների հետ շփումների սիրահարը, ամեն հանդիպումից հետո հաղորդագրություններում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, թե քաղաքացիներին հուզող հարցերը «հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների եւ ոստիկանության ծառայողների գործողությունների հետ»: Մարզի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է Փարսյանի եւ մյուս համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել, որ վհուկների որս սկսեն` անունը դնելով քաղաքացիների բողոքներ։ Հիշեցնենք․ գրել էինք, որ Բագրատ սրբազանին Կապանում լավ ընդունելության արժանացնելու պատճառով Փարսյանը հայտնվել է իշխանության թիրախում, եւ ՆԳ նախարարն ամեն ինչ անելու է, որ «գործ տվողների» հետ հանդիպի։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախցիները մտադիր են մինչեւ վերջ գնալ՝ ամիսներ ձգվող կուտակային կենսաթոշակների խնդրին լուծում տալու համար։ 2019 թվականից սկսած՝ կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը, Արցախից բռնի տեղահանվելուց հետո, դարձել է անորոշ։ Արցախցիները ՀՀ իշխանություններից պահանջում են՝ ովքեր դիմում են, նրանց գումարները վերադարձնել, քանի որ այդ մարդիկ մտադիր չեն դառնալ ՀՀ քաղաքացի, ուստի նրանց կուտակած գումարները կգնան-կկորչեն։ Պատկան մարմինները` տարբեր պատճառաբանություններով, իրենց վրայից ցրում են պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե իրենք կապ չունեն կուտակային ֆոնդերի հետ։ Մինչդեռ այդ գումարները կուտակվել են ՊԵԿ-ի միջոցով՝ ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերում: Խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 35 հազար շահառուի մասին է։ Մեր տեղեկություններով՝ Արցախի քաղաքական գործիչները հանդիպում են նախաձեռնում սահմանադրագետների, իրավունքի մասնագետների, իրավաբանների հետ՝ քննարկելու այս հարցը եւ ընտրելու լուծման ճանապարհը։ Հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն մեր աղբյուրը չբացառեց, որ մասնագետների հետ քննարկումից հետո լուծման մի քանի ճանապարհ կընտրվի՝ սկսած անհատապես դատարաններ դիմելուց, վերջացրած Սահմանադրական դատարան դիմելով։ Շաբաթներ առաջ էլ հարցը քննարկել են ընդդիմադիրների հետ, ճանապարհներից մեկն էլ օրենքում փոփոխությունների միջոցով արդյունքի հասնելն է, սակայն ՔՊ մեծամասնության պարագայում դա գրեթե բացառվում է, ուստի մնում է դատարաններ դիմելը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները որոշել են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ: Գրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են կառավարությանը՝ պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անել եւ տեղափոխել Հայաստան: Ուզում են, որ իրենց որդիները գերեզման ունենան, իրենք էլ` լացելու տեղ: Նաեւ երեւի անհանգիստ են, որ գերեզմաններն ազերի հրոսակները կպղծեն: Անցած հինգշաբթի ծնողները կառավարության շենքի առաջ իրավապահներին հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերությունն իրենց պահանջի հանդեպ, բողոքի ակցիաներ կանեն, եթե պետք լինի` օրերով կմնան կառավարության շենքի առջեւ։ 9 ամիս շարունակ կառավարության դռներն անիմաստ ծեծելուց հետո ծնողները որոշել են կառավարության նիստի օրը՝ այսօր, ժամը 11-ին բողոքի ակցիա անել։ Ակցիային մասնակցելու են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի եւ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատները։ Նրանց հարազատների աճյուններն ամփոփված են Ստեփանակերտի գերեզմանատանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական հարցման արդյունքներն է հրապարակել «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակը: Ի թիվս այլ ցուցանիշների, հետաքրքիր են Փաշինյանի ու Ալիևի սիրելի թեմայի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ տվյալները: Մասնավորաբար, հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, և միայն 3,3 տոկոսն է կարծում, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Ի դեպ, հետաքրքիր է, որ հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Այսինքն, հանրությունը շատ հստակ իր դիրքորոշումն է արտահայտում Ալիևի ու Փաշինյանի «ծրագրին»: Եվ սա պատահական չէ, քանի որ մեր հասարակությունը հիանալի հասկանում է, որ այս իշխանությունների հիմնական նպատակը մեր Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները փոփոխելն է, այդ թվում՝ Անկախության հռչակագրից հրաժարումը:
«Ադրբեջանը նպատակ ունի փաստացիորեն բարձրացնել Անկախության հռչակագրի առոչնչության և իրավական ուժից հրաժարման պահանջ, որը հետագայում իրենց համար դառնալու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցի բարձրացման հենասյունը: Իրենք գործում են շատ տրամաբանական, պրոֆեսիոնալ և փոխկապակցված եղանակով: Գոյություն ունի քայլերի հերթականություն: Եթե, ի դժբախտություն մեզ, իրենց հաջողվեց այս իշխանությունների ձեռքով և դեմքով անցկացնել այդ չարաբաստիկ սահմանադրական փոփոխությունները, այնուհետև դրան զուգորդելու է Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու հիմնահարցը, դրանից հետո բարձրացվելու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հետ: Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանն արդեն երկրորդ անգամ է իր բախտը փորձում այս պաշտոնի համար. դեռ նախորդ տարի դեկտեմբերին նա կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ: ՔՊ-ն, սակայն, տապալեց ԿԿՀ անդամի ընտրությունը՝ չմասնակցելով քվեարկությանը:
Մյուս թեկնածուն էլ Վաղարշ Աղաբեկյանն է, վերջինս արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաեւ Արցախի դատախազությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունն այսօր՝ մինչեւ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունը, երկու անդամներին փակ հանդիպման է կանչել: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում՝ ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել ԿԿՀ անդամի թեկնածուների շուրջ, դեռ վերջնական որոշում չունեն՝ ում են ընտրելու: Իշխանականները սպասում են այսօր սպասվող փակ հանդիպմանը, որպեսզի թեկնածուներին մի լավ հարցաքննելուց հետո՝ որոշում կայացնեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարն անտեղյակ է իր գլխավորությամբ իրականացվող «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասներից եւ շարունակ մոլորեցնում է հանրությանը։ Բացատրենք՝ ինչպես. Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցման նախագիծը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Ակադեմիական քաղաքը» լինելու է համալսարանական եւ հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ եւ միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության եւ հետազոտության միջավայր: «Ակադեմիական քաղաքի» տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհ եւ մինչեւ 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:
Բանն այն է, որ հուլիսի 9-ին ներկայացվեց «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ակադեմիական քաղաքի» մեկնարկը տրվելու է 2030 թվականին, իսկ պետական եւ ոչ պետական բուհերի միացման մասով նշել է. «Ես այս պահի դրությամբ չեմ կարող ամբողջ ճշգրտությամբ ասել, մենք աշխատում ենք, որպեսզի օր առաջ բուհերն այդ միջավայրում կարողանան գործել»։ Մեկ ամիս անց մասնավոր բուհերի՝ «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին միանալն արդեն հաստատ չէ, եւ նախարարի խոսքն արդեն դողում է։ Մինչեւ 16 բուհ, 80 հազար ուսանող, տարբեր ուղղություններ՝ արվեստներից մինչեւ սպայական, եւ գումարած հանրային շենքեր, գնացքի կայարան ու տրանսպորտային հասանելի հանգույցներ. հատակագծի վերջնական տարբերակում նույնիսկ մայրամուտով հիանալու վայր է նախագծված։
Հայաստանում 2023 թվականին, համաձայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, եղել է 80 հազար ուսանող, իսկ, օրինակ, 5 տարի առաջ՝ 2019-ին՝ 74 հազար 942 ուսանող, 10 տարի առաջ՝ 100 հազար 854 ուսանող։ 10 տարվա ընթացքում ուսանողների թիվը պակասել է 20 հազարով. թե ինչպես է ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում մարդկային տարբեր ռեսուրսներ տեղավորել 80 հազարի մեջ, հարցական է։ Քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ է։ Գերմանական ճարտարապետական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլն էր մանրամասն ցուցադրում՝ ինչեր են լինելու։
«Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի ի հայտ գալուց հետո՝ նախարար Ժաննա Անդրեասյանը թմբկահարում էր, որ քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին, սակայն գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրենը հակադարձեց նախարարին եւ հերքեց արդեն 2 տարի շարունակ վանկարկվող թեզերը։ Թոբիաս Քեյլն ասաց, որ 2029 թվականին առաջին շենքերը կկառուցվեն, իսկ քաղաքը կարող է ամբողջանալ 20-30 տարում։ Թոբիաս Քեյլը շեշտեց՝ սա միայն կրթական կենտրոններով քաղաք չէ, այստեղ ռեստորան էլ կլինի, առեւտրի կենտրոն էլ։
Ստացվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստել է այսքան ժամանակ, կամ, ինչպես տեսնում ենք նրա պատասխաններից՝ որոշ բաներից անտեղյակ է։ Օրինակ՝ նախարար Անդրեասյանը չկարողացավ հստակ գումարային սահման նշել, թե որքան կարժենա «Ակադեմիական քաղաքի» նախագիծը, սակայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հստակ նշեց՝ 1,2 տրիլիոն դրամ։ Նախարարը ոչ միայն ժամկետների հարցում է ստել՝ 20-30 տարի միջակայքում սխալվելով, այլ նաեւ «Ակադեմիական քաղաքի» նախագծի ֆինանսաբյուջետային մասով։ Հարկ է նշել, որ ՀՀ պետական պարտքը կազմում է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար, գրեթե 4 տրիլիոն եւ ավելի դրամ, «Ակադեմիական քաղաքին» տրամադրվող 1,2 տրիլիոն դրամը կազմում է ՀՀ պետական պարտքի գրեթե 30%-ը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանին՝ դատարան հարցաքննության ներկայանալու համար: Ասել է թե՝ հերթական վկան, որ պետք է հարցաքննվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանն է: Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու նաեւ վկաներ՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատված վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է:
Նշենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել էր ու մինչ օրս կալանքի տակ է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին առաջին հայացքից անմեղ թվացող տեղեկություն է տարածվել Ճանապարհային դեպարտամենտի կողմից, թե՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը: Առաջարկվում է շրջանցել Աճարկուտով...
Սա, կրկնենք, առաջին հայացքից անմեղ, անգամ՝ շարքային տեղեկություն է: Բոլոր նրանց համար, ում Կիրանց անվանումը ոչինչ չի ասում: Մինչդեռ, նկատենք, խոսքը այն սահմանամերձ գյուղի մասին է, որին պատկանող տարածքների մի որոշակի մասը Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական իշխանությունը վերջերս նվիրեցին Հայաստանի ու հայության թշնամի ադրբեջանական թուրքերին: Ստացվում է, որ նախ՝ մի որոշ ժամանակ Կիրանցը «փակ» է լինելու ավտոմոբիլային երթևեկության համար: Թե ինչ աշխատանքներ են տանում ու ինչ նպատակով, դեռևս անհայտ է: Բայց, ուզենք թե չուզենք, հարց է առաջանում՝ տարածքները թշնամուն հանձնելն այդ երբվանի՞ց են սկսել կոչվել «շինարարական աշխատանքներ»:
Մի քանի օր առաջ, նկատենք, Փաշինյանը գնացել էր Կիրանց ու մերձակա այլ տարածքներ, ինչպես կարելի էր հասկանալ՝ «այլընտրանքային ճանապարհների» անցկացման ընթացքին հետևելու: Թե՞ «շինարարական աշխատանքներ» ասելով՝ նկատի ունեն ընդհանրապես բոլոր ճանապարհների փակումը: Ի դեպ, երեկ պարզվեց, որ հեռահաղորդակցության օպերատորների մի մասի ինտերնետ և բջջային կապի խզումները պայմանավորված են նույն «շինարարական աշխատանքներով»:
Պարզ ասած՝ այնպես են «շինարարական աշխատել», որ տվել ու համապատասխան մալուխները կտրտել են: Երևի պիտի ինչ-որ տեղ ուրախ լինենք, որ միանգամից մայր գազատարը չեն պայթեցրել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե, ի թիվս ամենի, ինչ այլ առարկայական խնդիրների առջև է կանգնելու Հայաստանը «փաշինյանական» հանձնողականությունից: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր են սպասվում, եթե Փաշինյանի գործընկեր Ալիևը որոշի ժամանակ առ ժամանակ «շինարարական աշխատանքներ» կատարել մեր ինտերնետ կապի ու գազատարի մերձակայքում...