Արձանագրենք, որ մեդիաաղմուկից բացի, Հայաստանում որեւէ ուժ ըստ էության փորձ էլ չարեց հանրային բողոք կազմակերպել ընդդեմ ծեծի հետ կապված աղմկոտ միջադեպի եւ դնել դրանով աչքի ընկած պաշտոնյայի պաշտոնանկության կամ հրաժարականի հարց: Իսկ մեդիաաղմուկը ոչ միայն քիչ է, այլ ըստ էության ունի բոլորովին այլ նպատակային ուղղություն: Մեդիաաղմուկը քաղաքական միավորի միջոց է, ոչ ավելի: Այլ կերպ ասած, միջադեպը պարզապես փորձ արվեց վերածել տեղեկատվա-քարոզչական միավորներ հավաքելու առիթի: Իհարկե դա էլ քաղաքական հաշվարկ է, ամեն ուժ ունի իր քաղաքական հաշվարկի իրավունքը, պարզապես արձանագրենք հաշվարկների «ալգորիթմը», որպեսզի հասկանալի լինի Հայաստանում ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունը: Ես բազմիցս կարծիք եմ արտահայտել, որ մեծ հարց է՝ արդյո՞ք Հայաստանում կա գործնականում մի ուժ, որը ներկայումս իրապես պատրաստ է ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն, քան պարզապես Նիկոլ Փաշինյանին քննադատելը, նրան կապիտուլյանտ, դավաճան կամ թուրք անվանելը: Չեմ կարող պնդել, բայց ունեմ որոշակի համոզում, որ չկա այդպիսի ցանկություն ունեցող ուժ: Այդ իրավիճակը ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բաղադրիչներ, բայց այն կարծես թե հենց այդպիսին է: Ներկայումս հիմնական ուժերը զբաղված են գերազանցապես նախընտրական տակտիկական պայքարով, որի տեղեկատվա-քարոզչական փաթեթավորումները իհարկե տարբեր են: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան