25.12.2024
Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք. Փաշինյանի «իրական Հայաստան»-ի բանաձևը. ՄԱՄՈՒԼ
26.06.2024
Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք. Փաշինյանի «իրական Հայաստան»-ի բանաձևը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ի Հանքավանի ժողովի ժամանակ Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքո փորձում է կյանքի կոչել Ալիեւի հետ պայմանավորվածությունները՝ ՀՀ տարածքների վերաբերյալ պահանջները։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետեւյալն է, երբ ժողովուրդն ասում ա՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, գոյատեւել, տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել։ Եվ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին եւ մեզ՝ որպես կառավարող մեծամասնությանը, հետեւյալն է. կարո՞ղ եք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասել է նա՝ յուրայիններին հասկացնելով, որ ինչ ուզի Ալիեւը, տալու եմ, որ ապրենք, վայելենք իշխանական բարիքները։ Ոմանք գլխի են ընկել նրա ասածի իրական իմաստը, սկսվել է հարցերի տարափ՝ սահմանազատման, տարածքային զիջումների մասին: Նա հստակ պատասխաններ չի տվել՝ կրկնելով, որ Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսվի։ Չնայած ՔՊ-ականները չեն համարձակվել առճակատման գնալ, բայց ակնարկել են, որ չի կարելի ամեն ինչ զիջել, մանավանդ որ դա խաղաղության երաշխիք չէ, սակայն ժողովից հետո խմբերով ակտիվ քննարկել են, որ այս ամենից վատ հոտ է գալիս` եթե Տավուշը մարսեցինք, չի նշանակում, որ Տիգրանաշենը կամ Ջերմուկն էլ ենք մարսելու։ «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հնարավոր է առաջիկայում անգամ ձերբակալեն, քանի որ նրա նկատմամբ իրականացված «ավտոմեքենա շոուի» նպատակը ոչ միայն նրան հնազանդեցնելն է ու արցախցիներին փողոցից հետ պահելը, այլ Ալիեւի հերթական պահանջը կատարելը։ Հունիսի 21-ին, հիշեցնենք, ՔԿ-ն հատուկ ջոկատայինների հետ կոտրել էր Արցախի ներկայացուցչության դարպասներն ու առգրավել Շահրամանյանի մեքենան։ Մեկ շաբաթ առաջ նա հայտարարել էր, թե արցախցիներն իրավունք ունեն մասնակցելու շարժմանը։ Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո էլ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի համայնքապետերը կալանավորվեցին` փաստաթղթեր կեղծելու, համայնքային գույք հափշտակելու շինծու մեղադրանքներով։ Իսկ Ալիեւը գրեթե ուղիղ տեքստով վստահություն էր հայտնել, որ ՀՀ իշխանությունը կսանձի «ռեւանշիստներին»․ «Վստահ եմ, Հայաստանն այլեւս երբեք չի փորձի որեւէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ, թեեւ ռեւանշիստները բավականին շատ են։ Մենք հետեւում ենք վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ փորձեր կան՝ մեր դեմ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկար տարիներ ՀՀ-ում գործող Վալերի Քոչարյանի անվան բարեգործական հիմնադրամը 2023 թվականի ընթացքում ունեցել է զրո դրամի շարժ, այն է` չի գործել։ «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ Վալերի Քոչարյանի դուստր Իրինա Քոչարյանի հետ, որը հաստատեց Հիմնադրամի չգործելու փաստը։ «Հիմնադրամը գոյություն է ունեցել ավելի քան 20 տարի եւ հիմնադրվել է իմ կողմից՝ հորս մահից հետո։ Հիմնադրամը գործել է անձնական միջոցներից՝ առանց այլ հիմնադրամների կամ կազմակերպությունների ներգրավման։ Վերջին տարիներին առողջությունս խիստ վատացել է, ինչն ազդել է թե՛ կյանքիս որակի վրա, թե՛ համապատասխանաբար՝ աշխատանքիս վրա։ Այդ իսկ պատճառով ես ստիպված էի սառեցնել հիմնադրամի գործունեությունը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Իրինա Քոչարյանը։  Օրաթերթը տեղեկացել էր նաեւ, որ փակվել է Իրինա Քոչարյանին պատկանող «Գալաթեա» բժշկական կենտրոնի գործունեությունը, ինչին ի պատասխան՝ Իրինա Քոչարյանը կրկին հաստատող պատասխան տվեց։ «Հիմա չի գործում, հուսով եմ՝ ժամանակավորապես»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տվել նախօրեին դրամահավաքի արդյունքում գոյացած 42 միլիոն դրամը սկսնակ կին գործարարներին բաշխելու մասին։ Հիշեցնենք, որ 42 միլիոնը գոյացել էր հատուկ այդ նպատակով կազմակերպված ընթրիքի արդյունքում` մեկ ընթրող/մեկ միլիոն սկզբունքով։ Եվ ահա, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Իմ քայլի» աշխատակից Վահագն Թեւոսյանը «առաջարկել» է միլիոնանոց ընթրիքները դարձնել շարունակական։ Հ.Գ. Զարմանալի է, թե «նախկինները» իրենց թալանը ինչո՞ւ չէին կազմակերպում ընթրիքի անվան տակ։ Գեղեցիկ է հնչում՝ ընթրիք, կին գործարարներ….»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես մեծ շուքով ու ոգեւորությամբ 2020 թվականին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկրի հետ, հիմա էլ նույն ջանասիրությամբ փորձում է քանդել Իսրայելի հետ հարաբերությունները: Նախ իսրայելա-պաղեստինյան գերլարված հարաբերությունների ֆոնին՝ օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը, ինչից հետո Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն տալու համար զրույցի է կանչել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակն էլ պաշտոնապես հայտարարեց, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա։ Օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երեւանում, ավելի կոնկրետ՝ «Մարիոթ» հյուրանոցում պետք է Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառում լիներ, որին հրավիրված էին նաեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անակնկալ կերպով չեղարկվել է միջոցառման կայացումը: Նշենք, որ ընդամենը օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալն էր ստեղծել նաեւ Բելառուսի հետ՝ հայտարարելով, որ ինքը եւ Հայաստանից որեւէ այլ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ամեն գնով հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ, լծված է այլ երկրների հետ հարաբերությունները փչացնելու գործին»: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցներն ուրբաթ օրը նախատեսում են այցելել Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը կլինի Մեղրիում, կշրջեն տարբեր համայնքներում, երկուշաբթի կվերադառնան։ Դեռ հունիսի 23-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր. «Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետեւից չպետք է գնանք, մենք՝ ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Որովհետեւ տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում»: Այս այցը նաեւ ստուգատես է լինելու երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Գեւորգ Փարսյանի, Մանվել Փարամազյանի համար` կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից։ «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ անդամների ու աջակիցների մեքենաները շուրջ մեկ ամիս է՝ իրավապահների մոտ են։ Երբ հետաքրքրվում են՝ ի՞նչ նպատակով են պահվում, պատասխանում են՝ ստուգում ենք։ Իրավապահ համակարգից մեզ ասացին, որ մեքենաները ոչ այնքան ստուգում են, որքան դրանց մեջ գաղտնալսող սարքեր են տեղադրում: Մի քանի օր «ստուգելուց» հետո կանչում են, մեքենան վերադարձնում տիրոջը եւ դառնում նրա մշտական «ուղեկիցը»։ Բայց ապօրինությունները սրանով չեն ավարտվում։ Գաղտնալսումները հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ տեղյակ է այդ ամենից՝ ոչ միայն մեքենաների մեջ են «ժուչոկներ» տեղադրում, այլեւ՝ հեռախոսներում։ «Շարժման ակտիվ աջակիցներին ու անդամներին բերման են ենթարկել, հեռախոսներն առգրավել են մի քանի ժամ, երբեմն նաեւ օրերով պահել են իրենց մոտ ու գաղտնալսող սարքեր տեղադրել։ Մոտավորապես նման եղանակով նաեւ մեքենաների մեջ են տեղադրել, երբ առանց որեւէ իրավական հիմքի քաղաքացու մեքենան տարել են տուգանային հրապարակ»,- պատմեց նա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ նման տեղեկություն ունի, որ շարժման անդամների մեքենաներում գաղտնալսող սարքեր են տեղադրում։ «Բազմաթիվ դեպքեր կան, երբ պարեկները հակաօրինական ճանապարհով, առանց հիմնավորման, տուգանային հրապարակ են տարել քաղաքացիների մեքենաները։ Ամենատարածվածը տեխզննում չանցած մեքենաները տուգանային հրապարակ տանելն է եղել, մինչդեռ դրա համար հասնում է միայն տուգանք»: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ոստիկանությունից, քննչականից մեքենաներն ու հեռախոսները վերցնելիս ստուգել դրանք։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։ Մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Կարապետյանը 2017-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։ 2019-2022 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արեւելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։ Արդարադատության ոլորտում չունենալով զգալի կենսագրություն՝ Կարապետյանը եկել է արդարադատության ոլորտ գուցե անպատճառ, բայց ոչ պատահական։ Ըստ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2020 թվականին ձեռք բերված բնակարանը, նվիրատվություն է, որը գտնվում Կենտրոն վարչական շրջանում։ ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության Volvo մակնիշի մեքենա։ Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 2 մլն 965 հազար դրամ, բանկային մնացորդները՝ 6 հազար եվրո եւ գրեթե 1 մլն 800 հազար դրամ։ Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 542 հազար դրամ, որից 12 մլն 757 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Քանի որ Կարեն Կարապետյանը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավարը, ըստ այդմ՝ Եվրոպայի խորհրդից ստացել է 7 հազար եվրո աշխատանքի վարձատրություն։ Հաշվետու տարվա եկամուտներից 1000 եվրոն ապահովագրության փոխհատուցում է Henner GMC-ից, իսկ 22 հազար դրամը փոխառություն է «ՀայԷկոնոմ» բանկից։ Փոխնախարարի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 802 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 21 հազար եվրո։ Իշխանությունը Կարեն Կարապետյանի պես մասնագետներին Հայաստան բերելու մի նպատակ ունի՝ հաճոյանալ Եվրոպային, ինչն էլ, կարծես, ստացվում է»: