22.12.2024
Նոր Սահմանադրություն ունենալու պահանջը Ալիևը գրավոր եղանակով ամրագրել է․ ՄԱՄՈՒԼ
24.01.2024
Նոր Սահմանադրություն ունենալու պահանջը Ալիևը գրավոր եղանակով ամրագրել է․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ականները հերքեն, թե նոր Սահմանադրություն ունենալու պահանջ-հրահանգն Ալիեւից չեն ստացել, սակայն դիվանագիտական ոլորտի մեր աղբյուրներն ասում են, որ խաղաղության պայմանագրի նախագծում Ալիեւն այդ պահանջը գրավոր եղանակով ամրագրել է: Գրել է, որ պետք է Հայաստանի ներքին օրենսդրությունը համապատասխանեցվի այնպես, որ պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենան։ Նշենք, որ նոր Սահմանադրությունն ընդունվելու է համաժողովրդական հանրաքվեով, եւ հօգուտ նոր Սահմանադրության պետք է քվեարկի «հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը», այսինքն` այնքան, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախորդ ընտրություններին ձայն են ստացել: Իսկ ՔՊ-ն 688 հազար ձայն էր ստացել: Այսինքն՝ նոր Սահմանադրությանն առնվազն 647 հազար մարդ պետք է կողմ քվեարկի: Հարցի լուծումը կարող է լինել ընտրողների ռեգիստրի «մաքրումը», ինչը եւ քննարկվում է իշխանության կողմից։ Նշենք, որ նոր Սահմանադրություն ունենալու եւ ոչ թե եղածը փոփոխելու նպատակը մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը ջնջելն է: Բանն այն է, որ փոփոխությամբ նախաբանը խմբագրելի չէ, իսկ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում կարելի է ուղղակի նոր նախաբան գրել»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակներում, պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաեւ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։Գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։ Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչի հետեւանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր եւ վիրավորներ։»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան որպես վկա է հրավիրվելու հարցաքննության Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը: Նշենք, որ իրավապահներն այդ քրգործով կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին: Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին:»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերջին օրերին տարբեր գրառումներ է կատարում ու այն վերնագրում՝ «Մի լավ բան»։ Մասնավորապես, երեկ գրել էր. «Մի լավ բան #4։ Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաեւ Երեւանից դուրս: Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ»: Զարմանալի է, որ ԲԴԽ նախագահը Երեւանից դուրս մարզերի աշխուժությունից է խոսում, բայց անձամբ մարզերի դատարանների դռներն է փակում ու աշխուժությանը հակառակ գործելաոճ դրսեւորում։ Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, թե ինչպես են մարզերում դատարանների դռները փակվում, ինչի հետեւանքով իրենք հարյուրավոր կիլոմետրեր են իրենց բնակավայրից կտրում անցնում դատարան հասնելու համար։ Դատական դեպարտամենտը պաշտոնապես հայտնում է, որ Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի փակման վերաբերյալ (Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի եւ Մեղրիի)։ Նշված նստավայրերից Աշոցքում եւ Մեղրիում տեւական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ եւ պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։ Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ։ Հարց՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ դատական համակարգի աշխատողները պարապուրդի են մատնված եղել, բայց աշխատավարձ են ստացել, դատավոր չի եղել Աշոցքում ու Մեղրիում. իհարկե, դատական համակարգի պատասխանատուները՝ ի դեմս ԲԴԽ նախագահի։ Իսկ հիմա ստացվում է՝ պետությունը խնայում է, իսկ քաղաքացին՝ տուժում։ Ավելին՝ փակված դատարանների աշխատակիցներն ու դատավորները հակառակն են պնդում. աշխատել են մյուս դատարանների նման ու հավասար գործեր են քննել։ Մեր հետաքննությունը շարունակվում է, եւ առաջիկայում կանդրադառնանք փակված դատարանների իրական պատճառներին»։ «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին բռնագաղթած արցախցիների համար դեռեւս նոյեմբեր ամսվանից սոցապնախարարությունում նոր նախագիծ է մշակվում, որի մասին արդեն արցախցիները տեղեկացված են: Խոսքը բնակարաններով ապահովելու ծրագրի մասին է։ Նախատեսվում է յուրաքանչյուր արցախցու 5 մլն դրամի սերտիֆիկատ հատկացնել, որոնք կօգտագործվեն բացառապես բնակարան գնելու պարագայում։ Ասենք, 4 հոգանոց ընտանիքը 20 միլիոն դրամ կստանա: Ընդ որում՝ այդ սերտիֆիկատների համար գործակիցներ կիրառելու հարցն էլ են քննարկում, ասենք, Երեւանից դուրս` մարզերում բնակարաններ ձեռք բերելու պարագայում սերտիֆիկատների դեպքում կգործի 1.6 գործակիցը, այսինքն՝ այդ 5 միլիոնը 1.6-ով կավելանա: Իսկ սահմանամերձ գյուղերում քննարկվում է ավելի մեծ գործակից: Միայն Երեւանում է սերտիֆիկատն իր չափով գործելու, թեեւ ամենաբարձր գները հենց Երեւանում են։ Նախագիծը, սակայն, դեռեւս միս ու արյուն չի ստացել, եթե ստանա, ապա իշխանություններին կհաջողվի մայրաքաղաքն ազատագրել արցախցիներից, քանի որ այդ գումարներով միայն մարզերում է հնարավոր բնակարաններ գնել»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ խոսքի ազատության շեմը վերջին հինգ տարիներին նվազել է լրագրողների եւ իրենց աշխատանքի նկատմամբ գործադրված ճնշումների միջոցով։ Այդ ճնշումները հաճախ այնքան են սաստկանում, որ որոշ լրատվամիջոցներ, լրատվական գործակալություններ եւ առանձին լրագրողներ դիմում են դատական համակարգ կամ լրագրողական կազմակերպությունների՝ ինքնապաշտպանության համար։ «Ժողովուրդ» օրաթերթը համեմատական է անցկացրել՝ վերջին տարիներին ինչպես է փոփոխվել լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ կամ մասնակցությամբ դատական գործերի քանակը։ 2023 թ.-ին Հայաստանում ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողների դատական գործերը կազմել են 36-ը՝ 2022 թվականի համեմատ աճելով 4 դատական գործով։ Վերջին մի քանի տարիներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, կայուն ակտիվությամբ կիրառվում է լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու համար։ Նախորդ տարի դատական հայցերից 34-ը վերաբերում են հենց այս հոդվածին, մյուս երկուսը տնտեսական կամ այլ վեճերի հիմքով են։ 2019 թվականին դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 94 հայց, 2020-ին՝ 82։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախորդ՝ 2013 եւ 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։ Բանն այն է, որ ներկայիս իշխանությունները, որոնց հիմնական կորիզը լրատվական դաշտի նախկին ներկայացուցիչներ են, սեփական գործընկերների դեմ դավեր են նյությում, նրանց դեմ հայցեր ներկայացնում։ Հենց նախկին լրագրողները երկրի ղեկավարի հետ միասին փորձում են փոփոխություններ իրականացնել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, որը նրանց թույլ կտա սահմանափակել տեղեկատվություն տրամադրելու ինֆորմացիաների տեսակները։ Այսինքն՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում կառույցները կարող են տալ այն տեղեկատվությունը, որն ուզում են, իսկ որը նպատակահարմար չեն գտնի, չեն տրամադրի։ Նման քայլերով ամեն ինչ արվում է՝ լռեցնելու անկախ մամուլին, եւ ճնշելով փորձ է արվում սահմանափակել նրանց աշխատանքը գաղտնիության պայմաններում: Հանրային հաշվետվողականությունը նվազում է»։