22.12.2024
Երրորդ ուժի սպասումով. ի՞նչ են վկայում VERELQ-ի սոցհարցման վերջին ուշագրավ արդյունքները
19.01.2024
Երրորդ ուժի սպասումով. ի՞նչ են վկայում VERELQ-ի սոցհարցման վերջին ուշագրավ արդյունքները

Վերջին շրջանում բավական մեծ լսարան ունեցող հայկական տելեգրամյան ալիքներում պարբերաբար օնլայն հարցումներ են կազմակերպվում, որոնց նպատակն է վերհանել հայ հասարակության տրամադրություններն ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ և հանրության մոտ առկա քաղաքական նախապատվությունները: Դիցուք՝ նմանատիպ հարցումներից մեկն օրեր առաջ կազմակերպել էր Verelq.am տելեգրամյան ալիքը և ինչպես տեսնում ենք՝ արդյունքներն անչափ ուշագրավ են: Ապացուցվում է այն թեզը, որ հասարակության մեծամասնության շրջանում հասունացել է այլընտրանքային՝ երրորդ ուժի ձևավորման անհրաժեշտությունը և հենց այդ փաստն էլ արձանագրված է վերոնշյալ հարցման մեջ: Անշուշտ, տելեգրամյան հարցումները չեն կարող ամբողջովին արտացոլել իրերի առկա դրությունը, սակայն եթե հարցվողների՝ ռեսպոնդենտների թիվն անցնում է 26.000-ը, ապա ստացված տվյալներին թերևս կարելի է վստահել: Անդրադառնանք հարցման մեջ ներառված ակտորներին առանձին–առանձին: Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարի հավաքած 4 տոկոսը վերջինիս ստատիկ և անփոփոխ աջակիցներն են կազմում, ովքեր չեն դավաճանում ՀԱԿ-ին: Դիցուք՝ Ալավերդիում կայացած վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը 2 տոկոս ձայն էր հավաքել և հենց այս ուժի մեկ մանդատից և կոալիցիա կազմելու պատրաստակամությունից էր երկար ժամանակ կախված, թե ով ի վերջո կղեկավարեր համայնքը: Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքին, ապա պետք է փաստել, որ չնայած խորհրդարանում ներկայացվածությանը, հասարակության մոտ դեռևս որոշակի դժգոհություն է առկա՝ կապված ընդդիմադիր դաշտում վերջիններիս ցուցաբերած ակտիվության հետ: «Մայր Հայաստան» «բրենդին» էլ Երևանի ավագանու ընտրություններում ձայն տվեց ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 15,47% տոկոսը: Նշենք, որ «Հայաստան» դաշինքի մեջ է մտնում նաև ՀՅԴ-ն, որի շարքերում վերջին երկու տարիներին ամենաակտիվը Իշխան Սաղաթելյանն է, ով շարունակական ջանքեր է գործադրում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ: Երորրդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է, պարբերաբար կարճ հարցազրույցներ է տալիս դատարանի բակում կամ դիցուք՝ հանդիպում կազմակերպում ՀՀԿ երիտասարդական ակտիվի հետ, այնուամենայնիվ նրան դեռևս չի հաջողվում վարկանիշի զգալի աճ արձանագրել և դա արտացոլվում է նաև սոցհարցումների արդյունքներում: Սոցհարցման արդյունքում ՔՊ–ի հավաքած 5 տոկոսը լավագույնս արտացոլում է հանրության մեծամասնության մոտ առկա դժգոհությունը գործող քաղաքական թիմի կողմից տարվող ներքին և հատկապես՝ արտաքին քաղաքականության, Արցախի հարցում ձեռքերը լվանալու անթաքույց միտումների, տված խոստումները չկատարելու և կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի հանդեպ: Հատուկ ուշադրության է արժանի սոցհարցման այն կետը, որը վերաբերվում է այլընտրանքային՝ երրորդ ուժին: Վարդան Ղուկասյանի քաղաքական ֆենոմենի մասին բազմիցս է խոսվել: Ղուկասյանը բավական լուրջ տեղեկատվական ակտոր է, ով ԱՄՆ-ում համակարգչի առջև նստած կարողանում է մրցակցել ողջ (թե՛ պետական, թե՛ մասնավոր, թե՛ անհատական-ցանցային) հայալեզու մեդիայի հետ՝ միասին վերցրած։ Նրա հայտարարությունները հաճախ կցվում են տարբեր քրեական գործերի կամ դառնում ինչ-որ մեկի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմք: Պատահական չէ, որ Երևանի ավագանու վերջին ընտրությունների բացահայտումը հենց Վարդան Ղուկասյանի՝ «Դոգ»-ի ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցության կողմից 9.68% հավաքելն էր: Ուշագրավ է, որ հարցման մեջ ներառված է նաև «Միասնություն» շարժումը, որը, հիշեցնենք, բավական ակտիվ էր 2017 թվականին, երբ նախաձեռնել էր գրեթե ողջ ընդդիմադիր դաշտի միավորումն ընդդեմ գործող իշխանությունների, ի դեմս՝ Սերժ Սարգսյանի, և համագործակցության պլատֆորմ էր ձևավորել, որտեղ ներառվել էին շուրջ 10 քաղաքական կուսակցություններ և բազմաթիվ հասարակական կառույցներ: Սակայն, ձևավորվող դաշինքի որոշ կուսակցությունների լիդերներ որոշեցին չգնալ ռիսկի և պայմանավորվածություն ձեռք բերեցին Սերժ Սարգսյանի հետ՝ նախընտրելով ամբողջական իշխանության փոխարեն վերցնել դրա փշրանքները: Ուշագրավ է, որ դրանից հետո «Միասնություն շարժումը» կայացրեց սկզբունքային որոշում և չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին, չնայած ուներ խորհրդարան անցնելու լուրջ շանսեր: Նշենք նաև, որ շարժման առաջնորդ Արման Վարդանյանը տարիների ընթացքում ակտիվորեն առաջ է քաշել այլընտրանքային ուժի գաղափարը, մշտապես կողմնակից է եղել նման հարթակի ձևավորմանը և ընդգծել է նոր խաղացողների ի հայտ բերելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերվում է «Հայկական երազանք» կուսակցությանը, ապա այս քաղաքական ուժը 2022 թվականին Անիում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ երրորդ տեղն էր զբաղեցրել և ավագանիում հենց այս ուժի որոշումից էր կախված՝ կընտրվի համայնքապետ, թե կնշանակվեն նոր ընտրություններ: Նշենք, որ կուսակցությունը, հավատարիմ մնալով իր նախընտրական խոստմանը և դրսևորելով սկզբունքային կեցվածք, հրաժարվեց կոալիցիա կազմել թե՛ գործող քաղաքական ուժի, թե՛ ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ազգ-համայնք» դաշինքի հետ, ինչն էլ հանգեցրեց Անիում նոր ընտրությունների նշանակմանը: Այսօր էլ կուսակցության ներկայացուցիչները շուրջ 1000 երիտասարդի են մեկտեղել Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում՝ ակցիա իրականացնելով ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու: Ակներև է, որ իր կեցվածքով տվյալ քաղաքական ուժը լավագույնս տեղավորվում է երրորդ ուժի կոնցեպցիայի մեջ: Ինչ վերաբերվում է շուրջ 24 տոկոս չկողմնորոշվածներին, ապա նշենք, որ այդ քաղաքացիներն, ամենայն հավանականությամբ, իրենց չեն տեսնում նախկին-ներկա դիսկուրսի մեջ և լուրջ այլընտրանքային քաղաքական առաջարկի ձևավորման դեպքում առավել հակված կլինեն նախապատվությունը տալ նոր դեմքերի և նոր քաղաքական ուժերի։ Այս և մի շարք այլ հարցումներ, որոնք իրականացվել են վերջին շրջանում, լավագույնս բացահայտում են հասարակության մեծ մասի սպասումները և ակնկալիքները: Այլևս կասկած չի առաջացնում այն, որ հանրության շուրջ 83 տոկոսը չի վստահում ոչ նախկին իշխանության ներկայացուցիչներին, ոչ էլ գործող քաղաքական թիմին և փաստենք, որ անվստահության նման ռեկորդային ցուցանիշը դաշտում առկա խաղացողների հանդեպ վստահաբար կարելի է դասել քաղաքական նոնսենսների թվին: Ակնհայտ է, որ հանրությունը ցանկանում է ասպարեզում տեսնել նոր՝ երրորդ ուժ՝ նոր դեմքերով, նոր գաղափարներով և ծրագրերով: Նման ուժի ձևավորման պարագայում միայն հնարավոր կլինի խոսել հասարակության տարբեր շերտերի կոնսոլիդացիայի և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման մասին: