Հույսը Թրամփն է. ՀՀ համար ԱՄՆ-Իրան հարաբերությունների թեկուզ չափավոր կարգավորումը կարևոր է
Երկու լավ լուր։
1) Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր։ Սա իսկապես լավ լուր է, որովհետև առնվազն չորս տարի պաշտպանված կլինենք նոր կեղծավարակներից, պարտադրված պատվաստումներից ու մեր ազատությունների և արժանապատվության դեմ ուղղված վայրագ ոտնձգություններից։
Բացի այդ, Ռ. Ֆ. Քենեդին քանիցս խստորեն դատապարտել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։ Դատելով ամենից՝ նա ազնիվ ու համառ քաղաքական գործիչ է, ով հազիվ թե ծռմռվի ու հրաժարվի իր նախկին հիմնավոր համոզմունքներից։ Իհարկե, Հայաստանի հարցում ԱՄՆ քաղաքականությունը Քենեդեն չի որոշելու, բայց ամեն դեպքում նրա մտերմությունը Թրամփի հետ գուցե թե կարող է որոշակի դրական ազդեցություն գործել, եթե հատկապես նկատենք, որ նրա վարչակազմի մեջ արդեն ընդգրկվել են հայամետ դիրքորոշումներով հանդես եկած նաև այլ գործիչներ՝ Մարկո Ռուբիոն, Վիվեք Ռամասվամին, Թալսի Գաբբարդը...
2) «Նյու-Յորք թայմս»-ի տեղեկությունների համաձայն, Դ. Թրամփի նոր կազմավորվող վարչակազմի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ միլիարդատեր Իլոն Մասկը Նյու-Յորքում ոչ-պաշտոնական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ։ Մեկ ժամ տևած զրույցում նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մեծ պատերազմի վտանգը կանխելու հնարավորությունները։ Սա էլ նշանակում է, որ Դ. Թրամփը հասկանում է, որ Իրանի դեմ պատերազմն անընդունելի է ԱՄՆ-ի համար, քանի որ կբերի Հորմուզի նեղուցի փակմանը, Պարսից ծոցից (ինչպես նաև Իրաքից և Ադրբեջանից) նավթի ու գազի արտահանման դադարեցմանը և համաշխարհային տնտեսության անխուսափելի փլուզմանը։
Մեզ համար ամերիկա-իրանյան հարաբերությունների թեկուզ չափավոր կարգավորումը շատ կարևոր է, քանի որ ուժեղ և կայուն Իրանը թույլ չի տալու ադրբեջանական նոր հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։
Առաջն Աստված։
Քաղաքագետ Արմեն Այվազյան